Աննախադեպ ու հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել նախագահական ընտրությունների շեմին: Անհաղթահարելի խոչընդոտները հաջորդում են մեկը մյուսին:
Թեև Պարույր Հայրիկյանը կարող էր դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու պահանջով, սակայն չդիմեց: Մինչ իշխող Հանրապետական կուսակցությունն ու նրա թեկնածու Սերժ Սարգսյանը կփորձեին շունչ քաշել փորձությունը հաղթահարելուց հետո, ի հայտ եկավ մեկ այլ խոչընդոտ: Այսօր առավոտյան վատացավ արդեն 17 օր հացադուլ անող թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը: Արդյոք թեկնածուն կարող է դիմել ՍԴ՝ իր վիճակն անհաղթահարելի խոչընդոտ համարելու համար, եթե նրա վրա չեն կրակել, նա պատահաբար չի ընկել, ավտովթարի չի ենթարկվել և այլն:
ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի կարծիքով դա չի կարող է դիտվել որպես անհաղթահարելի խոչընդոտ: «Անձը դիտավորյալ է իրեն դնում այդ վիճակում, ես չեմ պատկերացնում, որ սթափ իրավաբանը դա մեկնաբանի որպես անհաղթահարելի խոչընդոտ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը: Նույն հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ թեկնածուն ՍԴ դիմելու իրավունք ունի: Իսկ թե ինչու և ինչպես է հայտնվել այդ վիճակում, դա ՍԴ-ի գնահատման խնդիրն է: Մարուքյանը նշեց նաև, որ անհաղթահարելի խոչընդոտի հետ կապված մեր իրավակարգավորումը նախկինում նման դեպքեր չի նախատեսել: «Մենք երբևէ չենք մտածել, որ այսպիսի դեպք կարող է լինել, որն ընտրական պրոցեսների վրա ազդելու միտում կունենա,- ասաց Մարուքյանը: Ընտրություններից հետո հնարավոր է, որ վերանայվեն գոյություն ունեցող իրավական կարգավորումները: Միտումի պարագայում ՍԴ-ն ընտրությունները չհետաձգելու հնարավորություն պետք է ունենա:
Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանին, Դավիթ Հարությունյանը միտում չի տեսնում, պարզապես թեկնածուն սխալ է գնահատել իր հնարավորությունները: «Ամեն դեպքում նա ընտրել է պայքարի այս ձևը, և դա տեղավորվում է պայքարի իր տրամաբանության մեջ»,- կարծում է Հարությունյանը: Իսկ Էդմոն Մարուքյանի համար անհասկանալի է Ղուկասյանի պահվածքը: «Մարդը հացադուլ է անում ու ասում, թե պետք է թեկնածուներից մեկը չպայքարի: Ինչքանո՞վ է սա արդար: Ակնհայտ է, որ թեկնածուի առկա կարգավիճակը դարձել է ընտրական գործընթացի վրա ազդելու գործիք »,- համոզված է Մարուքյանը:












































