Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր ջանքերը՝ համոզելու ԱՄՆ-ին զինել Ուկրաինային, սկսել են պտուղներ տալ, քանի որ երկու կուսակցությունների կողմից ճնշումը Բարաք Օբամայի վրա մեծացել է, տեղեկացնում է Bloomberg-ը։
«Ես հավատում եմ, որ ԱՄՆ-ը զենք կուղարկի»,- ասել է Սաակաշվիլին, որը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականն է։ «Ինձ հույս է տալիս այն փաստը, որ ամերիկյան հասարակությունն ու քաղաքական էլիտան այս հարցում միակարծիք են։ Համարյա բոլորը Կոնգրեսում և Սենատում աջակցում են այս գաղափարին, նույնն են ցանկանում նաև Պենտագոնում»,- ասել է նա։
Սաակաշվիլիի կարծիքով՝ շուտով պատերազմ կսկսվի, այնպես որ, զենքի մատակարարումն անհրաժեշտ է արագացնել։ «Շուտով Ռուսաստանը կհարվածի Ուկրաինայի հարավին, և զենքը շտապ անհրաժեշտ կլինի, քանի որ խաղաղության ոչ մի պայմանագիր չկա»,- ընդգծել է նա, մինչդեռ Սպիտակ տանը կարծում են, որ Ուկրաինային զինելը միայն կհանգեցնի արյունահեղության ծավալմանը։






































