Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում բանակում սպանված զինվորների մայրերը և Արամի 72-80 շենքի խաբված բնակարանատերերը:
Երկու խումբն էլ բողոքում էր Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում կատարված ապօրինություններից ու հանցագործություններից, ու մեջբերելով Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը՝ «Դեպի ապահով Հայաստան», հայտարարում էին, որ Հայաստանում անցած 5 տարիները ապահով չեն եղել, ու հաջորդ 5 տարին էլ, ըստ ամենայնի, ապահով չի լինի:
Սպանված զինվորների մայրերը պահանջում են, որ Սերժ Սարգսյանը հրաժարվի նախագահությունից. «Տարիներ շարունակ չեն կարողանում բացահայտել բանակում կատարված սպանությունները: Գեներալների գրպանները «ժուչոկներ» դրեք, որ կարողանաք բացահայտել հանցագործությունները»:
Նոնա Մուրադյանը պատմեց, որ երեկ Արմավիրում Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ իրեն պատնեշել էին ու չէին թողնում մոտենալ Սարգսյանին, և նա միայն անցնելիս է իր բղավոցների վրա շրջվել՝ իբր, լսելու. «2011թ. հունվարի 27-ին խոստացել էր բացահայտել ու մեղավորներին պատժել: 2 տարի է անցել, կես քայլ առաջ չի գնացել: Ինչքա՞ն կարող եմ այստեղից այնտեղ գնալ: Ինքը ասաց՝ դե, որ էդքան հեշտ լիներ, կբացահայտեինք, կպատժեինք, էլի: Ապահով Հայաստան է կարգախոսը, բայց առանց զինվորի ի՞նչ ապահով Հայաստան: Հայաստան չի մնա: Հետո էլ ոսկյա սկուտեղի վրա մատուցեք թուրքերին էս Հայաստանը»:
Արամի 72-80 շենքի հետ կատարված խարդախությունից տուժած տիկին Գայանեն տեղեկացրեց, որ Դալմայի տարածքում է նախատեսվում շենք կառուցել՝ իրենց բնակարանային պահանջը բավարարելու համար: Դալմայի ղեկավար Վահե Պետրոսյանը վճարել է 2.5 մլն դոլար, 4.5 մլն էլ պետք է վճարի: Սակայն, նրա խոսքով, բանկերից վարկ վերցնելու համար պետք է կառավարության երաշխիքը: Այսօր գործադիրը նիստում անդրադարձավ Արամի 72-80 շենքին, բայց միայն դրա պահակների վճարի հարցը լուծեցին:
Տուժած բնակիչներից Սոնան հայտնեց, որ շենքի դիմաց ամբողջ օրը «նախագահականի մեքենաներն» են: «Մարդիկ առուծախի պայմանագիր են կնքել, գնորդի, նոտարի ստորագրություն գոյություն չունի: Ո՞նց է դատարանը առանց դրա վճիռ կայացրել: Կեղծիքը պետք է սահման ունենա՞, թե՞ չէ»,- ասաց նա:






































