Ջավախքում մոտ 3000 հայ կանգնած էր Վրաստանի քաղաքացիությունը մեկընդմիշտ կորցնելու վտանգի առջև:
Ռուսաստան արտագնա աշխատանքի գնալու նպատակով վերջիններս դիմել և ստացել են Հայաստանի քաղաքացիություն: Նախորդ տարվա սեպտեմբերից ուժի մեջ մտած նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի կառավարությունը խստիվ արգելում է երկքաղաքացիությունը և բազմաթիվ վիրահայերի ավտոմատ զրկում Վրաստանի քաղաքացիությունից, ապա նաև՝ այնտեղ այնտեղ ապրելու հնարավորությունից:
Այս օրերին Վրաստանի կառավարությունը՝ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի խոստման համաձայն, տրամադրում է կա՛մ մշտական կացության իրավունք, կամ էլ հենց քաղաքացիություն:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, այս օրերին մերժում է ստացել միայն 10 վիրահայ, ևս 10-ի դիմումն ընթացքի մեջ է, սակայն բոլորի խնդիրը հիմնականում լուծված է:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է՝ վիրահայերն այս խնդրի առաջ են կանգնած, բազմաթվ դիմումներ են ուղարկել Վրաստանի արդարադատության նախարարություն, սակայն մինչև վերջերս՝ անպատասխան: Միայն վերջին շաբաթվա ընթացքում է, որ նրանց դիմումները բավարարվում են, ում որ տրվել էր ժամանակավոր կացության իրավունք, հիմա տրվում է մշտական կացության իրավունք, իսկ հիմնականում վերադարձնում են Վրաստանի քաղաքացիությունը: Հավելենք, որ դրա համար Հայաստանի քաղաքացիություն ստացած վիրահայերը հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից:
Մեզ հետ զրույցում ջավախահայ Ալիկ Թելմանյանն ասաց, որ իրենից միայն երկու շաբաթ է պահանջվել դիմում ներկայացնելու և կորցրած քաղաքացիությունը վերականգնելու համար: Նրա խոսքով՝ այսպիսի խառնաշփոթ ստեղծելու փոխարեն Վրաստանի կառավարությունը կարող էր պարզապես երկքաղաքացի հանդիսացող մարդկանց նախազգուշացնել որևէ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու պահանջով և ոչ թե նման անակնկալի բերել: «Ես լրիվ պատահական իմացա, որ զրկվել եմ քաղաքացիությունից: Կարծում եմ՝ այս քաշքշուքից և մարդկանց սթրեսի ենթարկելուց կարելի էր խուսափել, այնումենայնիվ, ուրախ եմ, որ խնդիրը հարթվում է»,- ընդգծեց նա:
Ինչպես նշեցինք, երկու տասնյակ վիրահայի խնդիրը դեռևս լուծված չէ, 10-ի դիմումը դեռ քննարկվում է, իսկ 10-ինը մերժել են՝ քաղաքացիություն տրամադրելու ոչ նպատակահարմարության պատճառաբանությամբ:












































