Բելգիան որոշել է հետ կանչել իր կողմից առաջարկված 2 եվրո արժողությամբ մետաղադրամների դիզայնը՝ նվիրված Վաթերլոյի ճակատամարտի 200-ամյակին: Պատճառը Ֆրանսիայի առարկություններն են։ Այս մասին գրում է BBC-ն:
Փարիզին դուր չէր եկել մետաղադրամների՝ առյուծի քանդակով դիզայնը: Այդ քանդակը տեղադրված է Բրյուսելից ոչ հեռու Վաթերլո քաղաքի բլրին՝ ի նշան 1815թ. հայտնի ճակատամարտի, որն ավարտվեց Նապոլեոնի վերջնական պարտությամբ։
Ֆրանսիայի իշխանությունների կարծիքով՝ Բելգիայի առաջարկը որոշ եվրոպացիների կողմից կարող է ընկալվել որպես «բացասական խորհրդանիշ»։
Բելգիայի իշխանությանն ուղղված Ֆրանսիայի կառավարության պաշտոնական նամակում ասվում է, որ երկու եվրո արժողությամբ մետաղադրամները կարող են երկրում բացասական արձագանք առաջացնել այն պահին, երբ եվրոգոտւ ղեկավարությունը ձգտում է միասնականության և կոոպերացիայի ուժեղացման:
Բելգիայում անանուն դիվանագետը զարմանք է հայտնել Փարիզի նման արձագանքից: «Վաթերլոյի ճակատամարտն ավարտվել է 200 տարի առաջ, բայց այժմ այն նորից են սկսում»,- ասել է Բելգիայում BBC-ի աղբյուրը:










































