Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը մտահոգություն հայտնեց՝ կապված Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանին վարձակալությամբ հանձնելու ծրագրերի հետ: Նա նշեց, որ երեկ տարածքային կառավարման նախարարության պարզաբանումից հետո Սյունիքի մարզպետարանի վարչության պետը մամուլում գովերգում է իրենց «նախանախանախանախաձեռնությունը»:
Ա. Վարդանյանը նշեց, որ նման պայմանագրերը կնքվում են մրցույթով: «Ի՞նչ է տալու այդ գործարքը պետությանը»,- հարցադրում արեց պատգամավորը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նկատեց, որ մեր հասարակությունը շատ սուր և շատ արագ է արձագանքում նման լուրերին, և դա շատ լավ նշան է: Նախարարը պարզաբանեց, որ ՀՀ-ի որևէ տարածք կարող է վարձակալության տրվել, բայց ոչ սեփականության իրավունքով: Սյունիքի մարզպետարանը կարող է տարածքը վարձակալության տալ բացառապես մրցույթով, և միջազգային պայմանագրով դա կարող է հաստատվել, բայց կա ընթացակարգ՝ այն ԱԺ-ով պետք է անցնի, և նախագահը հաստատի: Նման բան առայժմ չկա:
Թովմասյանը հայտնեց, որ քննարկվում էր տարածաշրջանում անասնապահության ոլորտում մի քանի տասնյակ միլիոնների հասնող ներդրումային ծրագիր Սիսիանի, Մեղրիի տարածաշրջանում, որտեղ արևոտ օրերը շատ են, բայց դա չի կարող լինել մարզպետարանի մի աշխատակցի ստորագրությամբ: «Օրենսդրությունը բավականին խիստ է»,- հավաստեց նախարարը:
Ա. Վարդանյանը հայտարարեց, թե պատասխանը բավարար չէ, քանի որ եթե միայն մրցույթով է ՀՀ տարածքը վարձակալության տրվում, ինչպե՞ս է ինչ-որ աշխատակից 5-10 տարի ժամկետով կամ սխալներով ինչ-որ բան գրում: «Գնացեք այդ հարցով զբաղվեք»,- հայտարարեց Ա. Վարդանյանը: