Կարճ ժամանակ անց այն բանից, երբ Apple-ը ներկայացրեց նոր MacBook-ը, որն ունի միակ USB Type C մուտք, ոլորտի արտադրողները սկսեցին նրա համար նոր արտաքին սարքեր թողարկել: Այսպես, LaCie-ն ներկայացրել է առաջին արտաքին կուտակիչը նոր Mac-ի համար, հայտնում է TechCrunch-ը:
Սարքի կորպուսն ամբողջովին ալյումինից է: Ֆլեշ-հիշողության փոխարեն մշակողը որոշել է օգտագործել դասական կոշտ սկավառակ, ուստի նորույթից արագության հրաշքներ սպասել պետք չէ. համակարգչի և սկավառակի միջև տվյալների փոխանակման առավելագույն արագությունը կկազմի մոտ 100 մեգաբայթ 1 վայրկյանում:
Կոշտ սկավառակը հնարավոր կլինի միացնել ոչ միայն MacBook-ին, այլև դասական USB-միակցիչով համակարգիչներին: Դրա համար անհրաժեշտ կլինի օգտվել լրակազմի մեջ մտնող փոխարկիչից:
Վաճառքի կհանվեն գաջետի մի քանի մոդիֆիկացիա՝ 500 գիգաբայթ, 1 տերաբայթ և 2 տերաբայթ ներդրված հիշողության ծավալով: Սարքի գինը դեռ չի հաղորդվում:








































