Մալաթիայի Ինոնյու համալսարանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հորինված «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ համաժողով է անցկացվել։ Այս մասին հայտնում է թուրքական T24 կայքը։
Համաժողովի բանախոս, պրոֆեսոր Թաներ Թաթարը թիրախավորել է այն մարդկանց, որոնք հանդես են գալիս «մենք բոլորս հայ ենք» կոչով։
«Երբ հայերն ասում են՝ մենք բոլորս հայ ենք, հասկանալի է, սակայն նրանք, ովքեր, հայ չլինելով, հանդես են գալիս այդօրինակ կոչերով, իրենց անբարոյական անվանելուց բացի՝ մեզ ուրիշ ելք չեն թողնում»,- ասել է Թաթարը։
Հավելենք, որ համաժողովն անցել է խիստ հակահայ մթնոլորտում, իսկ հայերին վիրավորող խոսքերից հետո դահլիճում բուռն ծափահարություններ են հնչել։
Նշենք, որ Թուրքիան ակտիվորեն օգտագործում է «Խոջալուի դեպքերը»՝ իր հակահայ քարոզչության համար: Պաշտոնական Անկարան «Խոջալուի դեպքերի» համար հայերին մեղադրում է «ադրբեջանցիների կոտորածի ու ցեղասպանության» համար և իր պնդումներն ակտիվորեն թմբկահարում միջազգային հարթակում:
Յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին թուրքական իշխանությունները երկրի ողջ տարածքում ակտիվացնում են «Խոջալուի դեպքերի» հետ կապված գործունեությունը, ինչն ուղեկցվում է խիստ հայատյաց տրամադրություններով: Միևնույն ժամանակ, թուրքական պետության հետ մեկտեղ՝ ադրբեջանական լոբբին ևս ակտիվորեն կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, քարոզչական արշավներ՝ Թուրքիայում հակահայ կրքեր բորբոքելու համար:
Պատրաստեց՝ Մխիթար Հայրապետյանը








































