Երեկ Կոսովոյի խորհրդարանը նախագահ է ընտրել երկրի ոստիկանության գլխավոր տնօրենի տեղակալ Աթիֆեթ Յահյային, որն այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև 2012 թ., երբ կանցկացվեն համընդհանուր ուղիղ ընտրություններ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին հրաժարական է տվել Կոսովոյի գործող նախագահ Բեջեթ Պակոլին այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանն անօրինական էր հայտարարել դրանից մի քանի օր առաջ իրականացված նախագահի ընտրությունները: Դատարանը համարել էր, որ խորհրդարանի 120 պատգամավորներից միայն 67-ն էին մասնակցել նախագահի ընտրությանը: Ընդ որում, ընդդիմությունը հրաժարվել էր մասնակցել այդ քվեարկությանը: Արդյունքում Պակոլին ընտրվել էր 62 պատգամավորի կողմ ձայներով, որից հետո ընդդիմությունը վիճարկել էր դա Սահմանադրական դատարանում: Պակոլին հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին:












































