Մերձմոսկովյան Օդինցովո քաղաքում թմրանյութերի շրջանառության կասկածանքով Հարավային Օսեթիայի քաղաքացի է ձերբակալվել: Ոստիկանության տվյալներով՝ նա Դեդ Հասանի գլխավոր հակառակորդներից է:
«Օրենքով գող», «Ջեմո» մականվակիր Ջեմալ Միկիլաձեի ձերբակալման օպերացիային մասնակցել է ամբողջ ոստիկանությունն ու Օդինցովոյի Անվտանգության դաշնային ծառայությունը, հայտնել է Մոսկվայի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունը: Շենքում, որտեղ կանգ է առել Ջեմոն, հայտնաբերվել է երկու նռնակ, 4-5 գ փոշու զանգված, որը, հնարավոր է, հերոին է, և կեղծված ռուսական անձնագիր:
Ոստիկանության տվյալներով՝ Ջեմոյի ժամանումը Մոսկվա քրեական աշխարհում ընդունվել է որպես աննախադեպ իրադարձություն: Նրա հետ Մոսկվա է եկել Դեդ Հասանի ևս մեկ թշնամի՝ Մերաբ Ջանգվելաձեն՝ հավանաբար, մահացած Ուսոյանի ազդեցության գոտիները կիսելու համար: Միկիլաձեն հանցավոր աշխարհի այն առաջնորդներից է համարվում, որոնք միավորվել են Դեդ Հասանի իշխանության դեմ, հայտնում է Lenta.ru-ն: