«Երևան մոլ» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն է տարածել կենտրոնի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը.
«Մեկնաբանելով այսօր մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ «Երևան Մոլում» իրավիճակը դարձել է անկառավարելի, պաշտոնապես հայտարարում ենք, որ «Երևան Մոլում» գործող Electronics Planet տեխնիկայի խանութը կազմակերպել էր ակցիա, ըստ որի խանութ այցելած 100 հաճախորդներին հեռուստացույցներ և մի քանի այլ տեսակի կենցաղային տեխնիկա վաճառվելու է 1000 ՀՀ դրամով։
Այդ առիթով մոլը իրապես մարդաշատ էր, սակայն ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել:
Ակնհայտ է, որ այդ ակցիան պետք է աշխուժություն առաջացներ հանրության մեջ, քանի որ այդպիսի առաջարկներ լինում են հազվադեպ:
«Երևան Մոլում» գործող բոլոր խանութները առանձին տնտեսվարող սուբյեկտներ են և նրանց մարքեթինգային գործունեությունը չի վերահսկվում մոլի ղեկավարության կողմից:
Հայտնում ենք նաև, որ այս պահին ակցիան ավարտված է, և որևէ արտակարգ իրավիճակ, ինչպես նկարագրվում էր մամուլի տարածած նախորդ հաղորդագրություններում չի գրանցվել»:
Հայտարարությունում ակնհայտորեն նկատի է առնվում «armtimes.com»-ի հրապարակած տեղեկատվությունը և նշվում, որ այնտեղ արտակարգ իրավիճակ չի եղել:
Այս կապակցությամբ ընդգծենք, որ մենք չենք գրել արտակարգ իրավիճակ, այլ գրել ենք լարված իրավիճակ:
Երկրորդ. այն, որ ժամը 15:00-ին հայտարարված ակցիան ժամը 13:30-ին ավարտվել է, արդեն իսկ վկայում է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:









































