Վենեսուելայում ձերբակալվել է մայրաքաղաք Կարակասի ընդդիմադիր քաղաքապետ Անտոնիո Լեդեզման: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Քաղաքապետի կինը՝ Միտցի Կապրիլեսը, և կողմնակիցները հայտարարել են, որ պատճառը նրա այլախոհությունն է:
Հինգշաբթի օրը Twitter-ի իր օգտահաշվում Լեդեզման գրել է, որ իր գրասենյակ են գալիս իշխանության ներկայացուցիչները՝ իրեն ձերբակալելու համար: Ձերբակալելու ժամանակ ուժային գերատեսչության աշխատակիցներն օդ են կրակել՝ հավաքված բազմությանը ցրելու համար: Քաղաքապետի կինը սրանում մեղադրել է նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ով, նրա խոսքերով, փորձում է փակել իր քաղաքական ընդդիմադրի բերանը:
Նիկոլաս Մադուրոն հաստատել է Կարակասի քաղաքապետի ձերբակալությունը: Նախագահը հայտարարել է, որ Լեդեզման կասկածվում է դավադրության մեջ՝ գործող կառավարությանը տապալելու նպատակով:
Մադուրոն հայտարարել է, որ նա իր հանցանքների համար պատիժ կկրի ըստ օրենքի՝ հավելելով, որ իշխանության տապալման նպատակով դավադրությունը միջազգային բնույթ է կրում, և որ դրան մասնակցել են Կոլումբիան, ԱՄՆ-ն ու Իսպանիան:









































