Տասնօրյա քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նկատել է, որ քաղաքացին վերափոխվում է և հավատում, որ փետրվարի 18-ին հնարավոր է գնալ փոփոխությունների: Նկատել է նաև անհավասար պայմաններ, օրենքի խախտումներ, մանկավարժների, բժիշկների ցուցակագրումներ, զինվորներին ուղղորդումներ, կուսակցական շարֆերի բաժանում կրթական հաստատություններում, Սերժ Սարգսյանի նկարը՝ պետական շենքերի վրա, հասարակական սննդի օբյեկտներում: Դվինում էլ իր նկարն է տեսել «Հայփոստի» շենքի ապակուն և անմիջապես պոկել: «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասելով այս ամենի մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ ինքը դիմել է ոստիկանությանը և հենց Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս, որպես ՀՀ նախագահ, Սահմանադրությանը համապատասխան ընտրություն կազմակերպի, այլապես իր գեղեցիկ ճառերը արժեք չեն ունենա:
Իսկ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի դժգոհություններին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավ է իրականացրել բուհերում, պատասխանել է. «Լեզվանի և խորամանկ նախարարը սուտ գրառում արեց իր «Ֆեյսբուքի» էջում: Մենք մտել ենք գրադարաններ և որդուս գիրքը նվիրել: Մենք գիտենք, թե ովքեր են կուսակցականացրել կրթական, առողջապահական համակարգերը»:
«Հիմա իշխանությունը հասկանում է, որ գնում է շատ լուրջ պայքար: Այս անգամ սուտն ու կեղծիքը չի անցնի, և եթե ժողովրդի 75 տոկոսը մասնակցի ընտրություններին, մենք կհաղթենք: Ասում են, թե ամեն ինչ կանխորոշված է: Կանխորոշվածությունը պետք է ջարդենք միասին, որովհետև ոչ ոք մեր փոխարեն չի որոշելու: Եթե «Բարգավաճը», ՀԱԿ-ը Դաշնակցությունը ասեն, որ սա կուսակցակռիվ չէ, հայ մարդու արժանապատվության, աշխատանքի, հայ մարդու արժանապատիվ ապրելու պայքար է, մենք կհաղթենք»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ երբ իրեն քննադատելու առիթ չեն գտնում, արևմտամետի պիտակ են կպցնում. «Ես կարծում եմ, որ ռուսական համագործակցությունն առջևում է, բայց մենք պետք է սեփական շահը հաշվի առնենք: Մենք պետք է դուրս գանք պրոռուսական, արևմտյան կեղծ կատեգորիաներից»: Եվրասիայի գաղափարին էլ դեմ է, եթե դա նշանակում է Խորհրդային Միության վերադարձ:
Րաֆֆի Հովհաննիսյանը չի հավատում «Գելլափ»-ի հարցումներին, որոնց համաձայն՝ ինքն ունի 10 տոկոս ձայն, Սերժ Սարգսյանը՝ 66: «Ես ընդունում եմ ի գիտություն, չեմ հավատում այդ արդյունքներին, որովհետե մենք գիտենք, որովհետև մեր երկրում պատվիրատուն որոշում է ամեն ինչ՝ արդյունքն ու մեթոդաբանությունը: Նա, ով կարծում է, որ գործող նախագահն ունի 66 տոկոս ձայն՝ արդար ընտրություններով, սխալ է: Իրական «Գելլափ»-ը 5-6 տարի առաջ արեց հարցում և ինձ 86-90 տոկոս տվեց: Ես չհավատացի: Հազար կիլոմետր հեռու է այն, թե նախագահն ունի 66 տոկոս: Ես ու Սերժ Սարգսյանը շատ մոտ ենք իրական ցուցանիշներով, իսկ իրական «Գելափ»-ի թվերը լրիվ այլ կլինեին»:
Նախագահի թեկնածուի խսքերով, ով չի մասնակցում ընտրություններին, քվեն տալիս իշխանությանը, նրանք, ովքեր բոյկոտում են, տանում ժողովրդին թևաթափություն, լեգիտիմացնում են այս ամենը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ չունի բիզնես և կախվածություն օլիգարխներից ու մայրաքաղաքներից:
Հարցին, թե իրեն որտեղից 100 միլիոն դրամ ընտրապայքարի գումար, պատասխանել է, որ դա մեծ գումար չէ. Գումար մի մասը տվել են այն մանր ու միջին բիզնեսմենները, ովքեր հավատացած են, որ հնարավոր է բան փոխել երկրում, բացի այդ, ինքը երբ ԱՄՆ-ում փաստաբան էր աշխատում, բավական գումար է կուտակել: Քարոզարշավի ժամանակ էլ հարյուրավոր շտաբ չի բացել, այլ ընդամենը 20 գազել: «Եթե օրենսգիրքը թույլ տար 1 միլիոն դելոր մեր կաշվից դուրս գալով կճարեինք»,- հավելել է նա:
Նախագահի թեկնածուն ասել է, որ եթե լինի ազատ, արդար ընտրություն, և ընտրի ժողովրդի գերակշիռ մասը, դա կհամարի ժողովրդի հաղթանակ: Կեղծ ընտրությունների դեպքում պատրաստվում է փողոց դուրս գալ, այլ եղանաներով պայքարել՝ սակայն առանց իր վրա արյուն վերցնելու:
Ինչ վերաբերում է թեկնածուների միջև բանավեճին, Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատել է Սերժ Սարգսյանի հետ բանավեճի կամքը, մյուս թեկնածուների հետ չի ցանկանում՝ նրանց համախմբման կոչ անելով. «Ես չեմ մրցակցի Հրանտի, Պարույրի հետ՝ իրենց քվեների համար»:










































