Լիբիայում «փետրվարի 17-ի հեղափոխությունից» 4 տարի անց դրա նպատակներին դեռ նոր պետք է հասնել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երեքշաբթի օրը լիբիական հակակառավարական ապստամբության օրվա կապակցությամբ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդի հայտարարության մեջ:
«Հեղափոխության նպատակներին կարելի կլինի հասնել միայն քաղաքական երկխոսության ճանապարհով, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին Լիբիայում: Այդ պատճառով ես բոլոր լիբիացիներին կոչ եմ անում մասնակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու ՄԱԿ-ի ջանքերին, որին աջակցում է Լիբիայի բոլոր քաղաքացիների համար մարդու իրավունքները ամրագրող նոր Սահմանադրությունը»,- նշել է Համոնդը:
Նա «փետրվարի 17-ի հեղափոխության» տարելիցին (այն հանգեցրել է 2011թ. արյունոտ քաղաքացիական պատերազմի և Մուամար Քադաֆիի կառավարության տապալման) հարգել է «հանուն ավելի լավ Լիբիայի բոլոր զոհվածների» հիշատակը:
«Հեղափոխության ձգտումներին հասնելու ջանքերը պետք է շարունակվեն,- ասել է Համոնդը:- ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») հետ կապված գրոհայինների ձեռքով Եգիպտոսի քրիստոնյա ղպտիների սպանությունն ընդգծում է այդ աշխատանքի հրատապությունը և ամրապնդում Լիբիայում ու տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու համար գործընկերների հետ աշխատելու մեր վճռականությունը»:












































