Մեզանում սրտանոթային հիվանդությունների բարդությունների տարածվածությունը բավական բարձր է, և մեր հասարակության ու բժիշկների շրջանում տարածված կարծիք կա, որ այդ հիվանդությունների բուժման միակ ուղին վիրաբուժությունն է:
Այնինչ սրտանոթային հիվանդությունների պարագայում ամենաճիշտ ճանապարհը կանխարգելելն է:Երկրորդային կանխարգելումը առավել կարևոր է, քանի որ կատարված վիրահատությունը կարող է քիչ արդյունավետ լինել, եթե ճիշտ բուժումը չշարունակեն և ճիշտ ապրելակերպ չորդեգրեն: Այս մասին հայտնել է կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱԱԻ-ի սրտաբանության ԳՀԻ գիտության գծով փոխտնօրեն, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը: Գլխավոր սրտաբանի խոսքերով, ամբողջ աշխարհում արդյունավետ բուժման չափանիշներից մեկը կյանքի որակի գնահատումն է: Իսկ որոնք են ռիսկի այն գործոնները, որոնք պետք է կարողանանք ամեն օր բարձրաձայնել։
«Ցավոք, այսօր չունենք հեռուստատեսությամբ սոցիալական գովազդ հասկացությունը: Հեռուստատեսությամբ կամ զանգվածային լրատվության միջոցներով քարոզվում է ամեն ինչ՝ բացի առողջ ապրելակերպից: Այնինչ, մենք պետք է կարողանանք քարոզել առողջ ապրելակերպի փիլիսոփայությունը: Դա իր մեջ ներառում է ֆիզիկական թերակտիվության բացառումը: Այսինքն՝ մենք պետք է կարողանանք ֆիզիկապես ավելի ակտիվ կյանք վարել, ժամանակ տրամադրենք զբոսնելուն, քայլելուն, սպորտով զբաղվելուն: Օր օրի այդ հիմնախնդիրը մեզ մոտ սկսում է լրջանալ: Եթե բակերի պատուհաններից նայեք՝ կտեսնեք, որ երեխաներից ոչ ոք չի վազում, ոչ ոք չի խաղում: Այսինքն՝ վազող, խաղացող, ակտիվ երեխա չեք տեսնի, բոլորը նստում ու համակարգչային խաղեր են խաղում: Սա շատ լուրջ խնդիր է. երբ մենք սկսում ենք հեռանալ բնությունից, ունենում ենք մի շարք ախտաբանական վիճակներ, այդ թվում՝ սրտանոթային խնդիրներ»,- ասաց Պարունակ Զելվեյանը: Նա առանձնացրեց, որ էական դեր ունի հատկապես վնասակար 2 սովորությունների առկայությունը: Դրանք են ծխախոտի օգտագործումը և ալկոհոլի չարաշահումը: Այսինքն՝ այդ երկու ռիսկի գործոնները պետք է փորձենք հասարակությունից դուրս մղել:
Երրորդը առողջ սնունդն է: Այսինքն՝ կենդանական ճարպերի նվազեցում, բուսական յուղերի ավելացում, նաև աղի սահմանափակ կիրառություն սննդակարգում:
«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչու ենք ուտում: Մենք ոչ թե ապրում ենք ուտելու համար, այլ ուտում՝ ապրելու համար: Սա այն փիլիսոփայությունն է, որ պետք է փորձենք հասարակության մեջ սերմանել: Այսօր մեր հասարակությունը ապրում է ուտելու համար, ինչը վաղ թե ուշ հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների: Մենք պետք է հասկանանք, որ սնունդը օրգանիզմին էներգիա տրամադրելու համար է: Իսկ եթե այդ էներգիան չենք ծախսում սպորտային միջոցառումների, զբոսանքի, քայլքի, ֆիզիկական ակտիվության միջոցով, ապա այն դառնում է ճարպակալման պատճառ, իսկ ճարպակալումը սրտանոթային հիվանդությունների ամենակարևոր ռիսկային գործոններից է:
Ես բերեցի երեխաների օրինակը, բայց եկեք տեսնենք, թե մե՞նք ինչպես ենք ապրում. առավոտյան վերելակով իջնում ենք ցած, մեքենայով գնում ենք աշխատատեղ, աշխատատեղում վերելակով բարձրանում ենք աշխատասենյակ, ամբողջ օրը աշխատասենյակում նստած աշխատում ենք, հետո վերը նշածս գործողությունները կրկնում: Նույնիսկ տան մեջ չենք քայլում, բազմոցին պառկում ենք ու հեռուստացույց նայում: Սա է մեր կենսակերպը։ Իսկ օրգանիզմը բնության մի մասն է և պահանջում է, որ մարդը ակտիվ ու շարժունակ լինի»,- խորհուրդ տվեց գլխավոր սրտաբանը:












































