ԱՄՆ պաշտոնատար անձինք, որոնք ցանկացել են չհրապարակել իրենց անունը, հայտնել են, որ Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին Սիրիայում իրականացվելիք հարձակման մասին:
ԱՄՆ-ում նշում են, որ իսրայելական ուժերը ռմբակոծել են ժամանակակից զենիթային հրթիռներով ավտոշարասյունը, որը Սիրիայից ուղևորվում էր դեպի «Հըզբոլլահի» լիբանանյան բազաներից մեկը:
The New York Times-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտոնատար անձինք չեն հաստատում Դամասկոսը ռմբակոծելու մասին սիրիական հրամանատարության հաղորդագրությունը:
Սիրիայի ԶՈՒ հրամանատարությունը անցած գիշեր հաղորդել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել և ոչնչացրել Դամակոսի մոտ գտնվող գիտահետազոտական ինստիտուտը: Հասցվել է վիթխարի նյութական վնաս, զոհվել են երկու աշխատակից, ևս 5-ը վիրավորվել են՝ հայտնում է սիրիական կողմը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի քարտուղար Էդուարդո Դել Բուեյը հայտարարել է, որ իրենք հարձակումների մասին տեղեկություններ չունեն:
ՌԴ ԱԳՆ-ն հաղորդում է, որ ստուգում է այդ հաղորդագրությունը: Հարձակման մասին տեղեկության հաստատման դեպքում Իսրայելը կմեղադրվի ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտման մեջ:












































