Թուրքիայում ձերբակալել են 2 հայերի, որոնց մեղադրում են Ստամբուլի հարուստ շրջաններից մեկի՝ Սանջաքթեփեի թանկարժեք տներից գողություն կատարելու մեջ:
Թուրքական «Հաբերլեր» լրատվակայքի փոխանցմամբ՝ ազգությամբ հայերից կազմված խումբը գլխավորել է Հերիքնազ Ա-ն: Խմբի անդամների թիվը հինգն է, որից երկուսը, այդ թվում՝ Հերիքնազը, ձերբակալված են, իսկ մյուս երեքին թուրքական ոստիկանությունը որոնում է: Հերիզնազի հետ ձերբակալված մյուս անձի անունը Սերգեյ Թ. է:
Վերջին գողությունը, ըստ թուրքական աղբյուրի, կատարվել է Սանջաքթեփեի տներից մեկում, որտեղից ընդհանուր առմամբ շուրջ 50 հազար ամերիկյան դոլարի գողություն է կատարվել: Նշվում է,որ գողության պահը տեսանկարահանել են անվտանգության տեսախցիկները: Մինչ գողություն կատարելը, խմբի անդամներից մեկն աշխատանքի էր անցել ապագա զոհի տանը: Հերիզնազին և Սերգեյին հայտնաբերել են գողությունը կատարելուց հետո: Այժմ հետաքննությունը շարունակվում է:
Աղբյուրը չի նշում, թե արդյոք գողության համար մեղադրվողները ՀՀ քաղաքացիներ են, թե Թուրքիայի՝ ազգությամբ հայ քաղաքացիներ, սակայն դատելով հրապարակված անուններից, ըստ ամենայնի, նրանք հայաստանցիներ են: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:











































