Լոս Անջելեսում ոստիկանության սպան մեջքից վիրավորել է 15-ամյա դպրոցական Ջամար Նիքոլսոնին, որի ձեռքին խաղալիք ատրճանակ է տեսել՝ հայտնում է Los Angeles Times-ը: Դրանից հետո վիրավոր տղային ձեռնաշղթա են հագցրել:
Ջամարը պատմել է, որ առավոտյան ժամը 7.40-ին ինքն ընկերների հետ փողոցով քայլելիս է եղել, երբ հանկարծ բարձր ձայն է լսել՝ «Կանգնե՛լ»: Նա շրջվել է ու տեսել քաղաքացիական հագուստով հրացանով տղամարդու:
Հաջորդ պահին դեռահասն արդեն գետնին է եղել՝ փամփուշտը մեջքի մեջ: Նրան հիվանդանոց են տարել ձեռնաշղթաներով: Պարզվել է՝ Ջամարի ձեռքին խաղալիք ատրճանակ է եղել, որն էլ գրավել է ոստիկանի ուշադրությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2014թ. նոյեմբերին Քլիվլենդում սպանվել է 12-ամյա Թամիր Ռայսը: Ոստիկանները կրակ են բացել, երբ տղան գոտու տակից հանել է խաղալիք ատրճանակ:









































