Եգիպտոսի մայրաքաղաքում անցած գիշեր չդադարող անկարգությունների զոհ է դարձել 3 մարդ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը:
Երիտասարդներից մեկի սպանության ականատեսը պատմել է ՆԳՆ-ի քննիչներին, որ նրա վրա կրակել են քաղաքացիական հագուստներով մի խումբ մարդիկ, որոնք զինված են եղել դանակներով և որսորդական հրացաններով:
Արդեն 5-րդ օրն է՝ Կահիրեի կենտրոնական մասը իրավապահների և հարյուրավոր երիտասարդների միջև բախումների թատերաբեմ է դարձել: Երիտասարդները, որոնք իրենց հեղափոխականներ են անվանում, դեմ են Մուրսիի քաղաքականությանը: Իրադարձությունների էպիկենտրոնին մոտ գտնվող Կահիրեի երկու 5-աստղանի հյուրանոցները՝ «Սեմիրամիսն» ու «Հելնան Շեպարդը» արդեն հայտարարել են իրենց աշխատանքի դադարեցման մասին:
Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել էին ուրբաթ՝ հունվարի 25-ին, հեղափոխության երկրորդ տարելիցի օրը:







































