ՀՀԿ-ն առաջիկա ժամերին կորոշի ԲՀԿ-ի հանդեպ վերաբերմունքը և իր անելիքը՝ այսօր հայտարարել է կրթության և գիտության նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի հայտարարության տոնայնությունը վկայում է, որ ՀՀԿ-ն կայացնելու է, համենայնդեպս՝ ընթացիկ քաղաքական փուլի համար, ճակատագրական որոշում: Այդպիսին կարող է լինել սահմանադրական բարեփոխումների մասին որոշումը, որը Սերժ Սարգսյանը պետք է հրապարակեր փետրվար-մարտին:
Ասել, որ այդ որոշման հրապարակման համար, այսպես ասած, ամենաբարենպաստ վիճակն է, երևի թե փոքր-ինչ տարօրինակ կլինի: ԲՀԿ-ն արդեն մի քանի օր է, ավելի ճիշտ՝ սկսած փետրվարի 5-ից և հատկապես փետրվարի 7-ին իր քաղխորհրդի անդամի դեմ բռնությունից հետո էապես ռադիկալացրել է իր մոտեցումներն ու հայտարարությունները, և չնայած Հովիկ Աբրահամյանի միջոցով Սերժ Սարգսյանը փորձեց սաստել «Բարգավաճ Հայաստանին»՝ անձնական պատասխանատվությունը դնելով Գագիկ Ծառուկյանի վրա կուսակցության ցանկացած անդամի խոսքերի համար, այնուամենայնիվ՝ ԲՀԿ-ն հերթական անգամ վերջնագրային տոն կիրառեց ՀՀԿ-ի հանդեպ՝ երեկ տարածելով հայտարարություն Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի անունից, որում նշվում էր սահմանադրական փոփոխությունների մասին ՀՀԿ-ի որոշման դեպքում իշխանափոխության պահանջով շուրջօրյա ցույցերի մասին:
Ի դեպ, այս հռչակագիրը ԲՀԿ-ն հրապարակեց Ծառուկյանի մոսկովյան այցից հետո, որտեղ նա ռուսական շրջանակներում բարձրաստիճան ընդունելության չի արժանացել, ավելին՝ ռուսական ԶԼՄ-ները գրել են այցի ձախողման մասին, մյուս կողմից, սակայն, հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ:
Այս պայմաններում սահմանադրական փոփոխությունների մասին որոշման հրապարակումը կարող է նմանվել կրակի վրա յուղ լցնելուն, և եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հայտարարեն այդ մասին, ապա դա կնշանակի, որ ընդունում են ԲՀԿ-ի ձեռնոցը, և իրենց հերթին իրենք են ձեռնոց նետում «Բարգավաճ Հայաստանին»՝ ստիպելով նրան անցնել, այսպես ասած, խոստացված իշխանափոխության պահանջին:
Սակայն եթե դիտարկենք խնդիրը մյուս կողմից, ապա չնայած այն բանին, որ սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարությունը այս պահին է՛լ ավելի կլարի վիճակը, ԲՀԿ-ի ռադիկալությունը Սերժ Սարգսյանին է կարծես թե դրել փաստի առաջ, և եթե նա հենց այս պահին չհայտարարի իր որոշման մասին, ապա ըստ էության իշխող համակարգում տպավորություն կստեղծի, որ տեղի է տվել Ծառուկյանին:
Այսուհանդերձ՝ պետք չէ բացառել, որ Ծառուկյանի ռադիկալությունը հետևանքն է, ոչ թե պատճառը, այսինքն՝ նա գնում է նման սրացման, քանի որ տեղեկություններ ունի Սերժ Սարգսյանի որոշման մասին, որի ընդամենը հրապարակումն է ուշացել: Հրապարակման դեպքում իշխանափոխության պահանջը ընդհանրապես Հայաստանում վերջին շրջանում մշտապես եղել է ԲՀԿ-ի, այսպես ասած, աքիլլեսյան գարշապարը, որովհետև այս հարցում «Բարգավաճ Հայաստանը» մշտապես խուսանավել է Սերժ Սարգսյանի անունը տալուց, իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ էլ ո՞ւմ իշխանափոխությունը պետք է պահանջի ԲՀԿ-ն:
Սերժ Սարգսյանը, հայտարարելով սահմանադրական փոփոխությունների մասին, ԲՀԿ-ին փաստորեն կստիպի իր անունը տալ: Այդ դեպքում ի՞նչ կանի ԲՀԿ-ն: Այստեղ, իհարկե, շատ բան կախված է այն հանդիպումներից, որ միմյանց հետ տարբեր ժամանակահատվածներում ունեցել են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Որովհետև ներքին պայմանավորվածություններն են Հայաստանի ներիշխանական համակարգում, այսպես ասած, ամենալեգիտիմ հարթությունը, և արտաքին դրսևորումները մշտապես ենթարկվում են այդ ներքին պայմանավորվածությունների տրամաբանությանը:
Ըստ այդմ էլ կարևոր է, թե այս ընթացքում ինչ պայմանավորվածություններ կան Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, և նրանցից որ մեկի որ քայլն է հանդիսանալու այդ պայմանավորվածությունների խախտում՝ Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումների գնա՞լը, թե՞ Ծառուկյանի կողմից Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը: Մնացյալ ամեն ինչն ըստ էության ենթարկվելու է հենց այս իրողություններին:
Սա է հայաստանյան քաղաքական կյանք կոչվածի բնույթը, և հենց սա է, որ պետք է փոխել Հայաստանում իշխանության և, այսպես ասած, ընդդիմության բնույթներով հանդերձ՝ իրավիճակի համակարգային փոփոխության հասնելու համար:












































