«Խնամում եմ երեխայիս, էստեղ եմ, վերջ, էլ չեմ գնալու: Խոսք եմ տվել երեխայիս, որ մեզ էլ ոչինչ չի բաժանի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհից ու մոր կողմից գլխին մուրճով հարվածից հետո հրաշքով փրկված 9-ամյա Ֆրունզիկ Նահապետյանի հայրը՝ Կարեն Նահապետյանը, որ ՌԴ-ից երեկ է վերադարձել: Իր խոսքով՝ մեկնել էր աշխատելու նպատակով, գումար ուղարկում էր:
Կարեն Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կնոջից նման բան սպասո՞ւմ էին, նախազգուշացրե՞լ էր: «Դե, հա, ասել էր: Ասել էր՝ պարտքեր ունեմ, ես սենց չեմ կարա, ես իմ կյանքին վերջ կդնեմ»,- պատասխանեց նա՝ հավելելով, որ չի կարծել, որ լուրջ է սպառնացել:
Կարեն Նահապետյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ միայն պարբերաբար կրկնում էր. «Վե՛րջ, էլ չեմ գնա»:
Զրուցեցինք նաև երեխայի հորաքրոջ՝ Կարինե Նահապետյանի հետ: Վերջինս ասաց, որ փոքր խնդիրներ ծագելու դեպքում անգամ, դեռ երեխայի ծնվելու ժամանակ, մայրը պարբերաբար սպառնացել է վերջ դնել իրենց կյանքին, բայց ամեն ինչ անցել է. «Գնացել-տեսել ենք՝ սիրով են: Երբևիցե ոչ ոչքի մտքով էդպիսի բան չէր կարող անցել, կարող էր կոնֆլիկտ լինել, կարող էր ամեն ինչց հոգնած, հուսահատված իրան վնասել, բայց որ երեխայի՞ն…»,- նշեց հորաքույրը:
Նա նաև ընդգծեց, որ այլ դեպք եղել էլ է եղել, երբ մայրը երեխային ծեծել է. «Մտածել եմ՝ երեխայի դաստիարակության իմ ձևը էդպիսին չի, երեխայինը էդպիսին է… Անտեղի հարվածներ…»:
Հորաքրոջը հարցրինք՝ հարսի մոտ հոգեբանական խնդիրներ նկատե՞լ է: «Երեխայի ծեծը վրաս ազդելով ու ինչ-ինչ պատճառներով ես կողքի քաշված եմ եղել, ինքս չեմ խառնվել, բայց եթե էդպիսի խնդիր կար, գոնե հոգեբույժի դիմեին, կբուժվեր ու էսպիսի անդառնալի բան չէր լինի իր համար, ու այսպիսի ճակատագիր՝ երեխայի համար»,- ասաց Կարինե Նահապետյանը:
Նա նաև նշեց, որ երեխային մոր մահվան լուրը չեն հայտնում: Չնայած նրան, որ երեխան հիմա դեռ վախենում է, որ մայրն իրեն կարող է հարվածել, բայց մոր մասին վատ ոչինչ չի խոսում:
Մանրամասները՝ տեսանյութում:











































