ԱՄՆ պետդեպն աջակցում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների գործունեությանը՝ ուղղված Կասպից ծովով, Թուրքիայով դեպի Եվրոպա առևտրային երթուղիների դիվերսիֆիկացմանը։ Այս մասին հայտնել է պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ Ռիչարդ Հոուգլանդը կլոր սեղանի ընթացքում, որը նվիրված է եղել «Առևտրի և տնտեսական համագործակցության Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցք» թեմային և անցկացվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատանը։ Այս մասին ասվում է պետդեպի հաղորդագրությունում՝ փոխանցում է Trend գործակալությունը։
Հոուգլանդի խոսքով՝ տարածաշրջանի երկրները պետք է համագործակցեն տրանսպորտային ծախսերը և սահմաններին ձգձգումների թիվը նվազեցնելու համար։
Անդրադառնալով Ռուսաստանի դերին՝ Հոուգլանդը նշել է, որ Ռուսաստանը նախկինի պես կլինի տարածաշրջանի հիմնական տնտեսական գործոնը։
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը չպետք է տեղի ունենա ի վնաս առկա միջազգային պարտավորությունների կատարման տարածաշրջանի երկրների կարողության։
Նա կոչ է արել դիվերսիֆիկացնել էներգամատակարարումների աղբյուրներն ու երթուղիները և դրանով իսկ մեծացնել ԵՄ էներգետիկ անվտանգությունը։












































