Հունվարի 25-ին Բաքվում հիմնադրված ռազմական կարգավիճակով Եվրասիական իրավապահ կազմակերպությունը (ՏԱԿՄ) ուղղված չէ որևէ պետության և կազմակերպության դեմ: APA գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության տարածած հայտարարության մեջ:
«Այդ կազմակերպությունը հիմնադրվել է Եվրասիա տարածաշրջանում՝ ուժեղացնելու համար ռազմական կարգավիճակով իրավապահ կազմակերպությունների միջև համագործակցությունը: Դա հետապնդում է խաղաղությանը ծառայելու, քաղաքացիներին ժամանակակից մակարդակով իրավապահ ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակ»,- ասված է հայտարարության մեջ:
Հապավումը՝ ՏԱԿՄ, կազմված է երկրների անունների առաջին տառերից՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղրղըզստան, Մոնղոլիա: Կազմակերպության խորհրդանշանին պատկերված են 4 աստղ և ձի (թյուրքալեզու ժողովուրդների մշակույթից և առասպելաբանությունից):
Քարտուղարության անդրանիկ նիստում առաջին նախագահությունը հանձնվել է Թուրքիային: 2014-ին կազմակերպության նախագահությունը կստանձնի Ղրղըզստանը: