2015 թվականին ՆԱՏՕ-ն զորավարժություն կանցկացնի Վրաստանում, նաև Վրաստանում կստեղծի ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկեր պետությունների համար ուսումնավարժական կենտրոն: Այս մասին տեղեկություն է հայտնում ՏԱՍՍ ռուսական գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, որը նաև ասել է, որ այս տեսանկյունից Վրաստանը շատ յուրահատուկ աշխարհագրական դիրք ունի:
Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում նմանօրինակ զարգացումները նախանշվել են անցյալ տարի՝ սեպտեմբերին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: Այս զարգացումները շատ հետաքրքրական են նաև Հայաստանի համար և՛ որպես Վրաստանի հարևան, և՛ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր պետություն: Հայաստանի համար այստեղ առանցքային նշանակություն ունեցող գործոն է և այն, որ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններին, բնականաբար, մեծ խանդով է արձագանքում Ռուսաստանը, և սա նշանակում է, որ ամենևին չպետք է բացառել այս ամենին Հայաստանի միջոցով հակադարվելու ռուսական քայլերի հավանականությունը, ինչը, ըստ էության, վտանգ կարող է լինել և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի համար:
Ռուսաստանը արդեն իսկ արտահայտվել է, որ շատ դժգոհ է Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծման հեռանկարից: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջին շրջանում ագրեսիվացրել է գործողություններն Ուկրաինայի Արևելքում, անկանխատեսելի են դառնում նրա քայլերը նաև Վրաստանի ուղղությամբ, եթե իրականություն է դառնում ՆԱՏՕ-ի կենտրոնի ստեղծումը: Սրանով հանդերձ, հետաքրքրական է զորավարժությունների հանգամանքը: Այս մասին կարծեք թե խոսակցություն չի ընթացել նախկինում և չի բացառվում, որ ՆԱՏՕ-ն որոշել է ուսումնական կենտրոնի, կամ այլ կերպ ասած Վրաստանում ռազմական ներկայության հարցը լուծել զորավարժությունների ուղեկցությամբ, այսինքն՝ Վրաստանում այդ պահին ռազմական միավորի առկայությամբ: Բոլորովին բացառված չէ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը այդ ճանապարհով փորձում է Ռուսաստանին հետ պահել հնարավոր ռազմական սադրանքներից, որոնց միջոցով Մոսկվան կարող է գայթակղություն ունենալ հետ պահել Թբիլիսիին նմանօրինակ քայլից: Իսկ այս դեպքում, իհարկե, Հայաստանը հայտնվում է Ռուսաստանի ռազմական սադրանքի հավանական «թռիչքուղու» կարգավիճակում, «թռիչքուղիներից» մեկի կարգավիճակում: Այս տեսանկյունից հատկապես ուշագրավ է այն իրողությունը, որ 2015 թվականին Հայաստանում զորավարժություններ է անցկացնելու նաև ՀԱՊԿ-ն, ինչի մասին մի քանի օր առաջ հայտարարել էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նա խոսել էր, իհարկե, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասին, սակայն, ըստ էության, մեծ տարբերություն իհարկե չկա, քանի որ միևնույն է՝ կիրառվում են զորք և սպառազինություն, իսկ թե ինչ զորատեսակի անվան տակ՝ մեծ հաշվով, տեխնիկական հարց է: Կդժվարանանք ասել, թե ՀԱՊԿ-ի այս մտադրությունները, որոնց մասին էլ, ի դեպ, նախկինում չէր հայտարարվել, ինչքանով են Վրաստանի ուղղությամբ ՆԱՏՕ-ի մտադրությունների, այսպես ասած, հակաքայլ հանդիսանում, բայց որ խաղադրույքների գինն էապես բարձրանում է՝ կասկածից վեր է:
Սրանով հանդերձ՝ վտանգները, ըստ էության, լոկ Հայաստանի մասով չեն, այլ նաև հայաբնակ Ջավախքի, որը Ռուսաստանի համար միշտ է եղել հակավրացական տրամադրությունների գեներացման պլացդարմ: Եվ այստեղ ակնհայտ է, որ պաշտոնական Երևանն ու Թբիլիսին ունեն անվտանգության և շահերի պաշտպանության համատեղ, համագործակցված միջոցառումների մեծ անհրաժեշտություն, ըստ որում՝ կանխարգելիչ բնույթի, այսինքն՝ մեկ քայլ առաջ անցնելու միտված միջոցառումների անհրաժեշտություն:
Այստեղ առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք Երևանն ու Թբիլիսին անկարող են միայնակ լուծել, մինչդեռ այդ խնդիրները բավական վտանգավոր են և կարող են լուրջ հետևանքներ ունենալ այսօր անտեսվելու պարագայում:
Սրան զուգահեռ՝ Երևանի համար էլ շատ կարևոր է նաև, Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը, ինչը կարևոր զսպող գործոն կլինի ամբողջ տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը ապահովելու տեսանկյունից:








































