Փետրվարի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուկրիին։ Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից` զրույցի ընթացքում նախարարները հանգամանալից քննարկել են հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը:
Եգիպտոսի արտգործնախարարը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը և ներդրումը իր երկրի զարգացման և բարգավաճման գործում։
Սամեհ Շուկրին ներկայացրել է Եգիպտոսի իշխանությունների՝ երկրում կայունության ապահովմանն ուղղված ջանքերը, իրականացվող բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
Նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության քայլերի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սամեհ Շուկրիին հրավիրել է այցելել Հայաստան։









































