Բալեյ քաղաքի (որտեղից զինծառայության է զորակոչվել Վալերի Պերմյակովը) զինվորական կոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին «Ազատության» հետ հեռախոսազրույցում հերքեց ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մինչև զինծառայության անցնելը Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում՝ օլիգոֆրենիա (սակավամտություն) ախտորոշումով:
«Ազատության» հարցին, թե արդյոք տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Լոգինովսկին պատասխանել է․ – «Իհարկե, չի համապատասխանում: Նա առողջ էր, և նրա առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը կարգին էին»:
Զինկոմիսարը հավելեց, որ իրենց քաղաքի բոլոր երիտասարդների պես Պերմյակովն էլ 14 տարեկանից զինկոմիսարիատում ենթարկվել է բուժզննման, և «եթե ինչ-որ բան այնպես չլիներ», հավանաբար կհայտնաբերեին:
Երեկ ռուսաստանյան լրատվամիջոցները հեղեղվեցին տեղեկությամբ, թե Գյումրիի սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը մինչև բանակ զորակոչվելը բուժում է անցել հոգեբուժարանում և նրա մոտ ախտորոշվել է օլիգոֆրենա, բայց, չնայած դրան, Բալեյ քաղաքի զինկոմիսարիատը նրան զորակոչել է:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում








































