Փետրվարի 24-ին՝ London Fashion Week-ի վերջին օրը, Նատալյա Վոդյանովան և Քարլի Քլոսը հյուրեր կունենան Roundhouse-ում First Fabulous Fund Fair տոնավաճառին: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
«Ուզում եմ, որ մեծահասակ լուրջ մարդիկ մի գիշերով նորից մանկանան՝ ուտեն պաղպաղակ և հոթ-դոգ, խմեն լիմոնադ, դիտեն հնարքներ, ճոճվեն ճոճանակով, պարեն, ծիծաղեն՝ մտնեն հեքիաթի մեջ: Մեր Fund Fair-ում ոչ միայն անթիվ ատրակցիոններ կլինեն, այլև հերոսներ և ապրանքանիշներ, որոնք մեզ՝ մեծերիս, մանկական հիացմունք են պարգևում»,- պատմել է Վոդյանովան:
Տոնավաճառում կլինեն շատ անսպասելի ատրակցիոններ: Օրինակ՝ հատուկ վրանում հնարավոր կլինի գնել երեկոյի տիրուհի Նատալյա Վոդյանովայի կամ սուպերմոդել Թոնի Գարնի համբույրը:
Իսկ նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ պարզապես հյուր չեն լինի, այլ անմիջական մասնակցություն կունենան՝ որպես տոնավաճառի վաճառող: Օրինակ՝ Ստելլա Մաքքարթնին կբացի բուսակերների հոթ-դոգերի իր վաճառակետը: Քրիստիան Լուբուտենը օլիմպիադա կանցկացնի բարձրակրունկներով, Փեթ Մաքգրատը՝ Vogue ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ վիզաժիստը, բոլոր ցանկացողներին ակվա-գրիմ կանի, նորաձևության քննադատ Սյուզի Մենքեսը ձեռքով կգուշակի ապագան, Քարլի Քլոսը բոլոր ցանկացողներին գլյուտեն չպարունակող սեփական արտադրության բլիթ և լիմոնադ կհյուրասիրի:
Տոնավաճառի հյուրերը Օլիմպիական խաղերի չեմպիոն, թենիսիստ Բորիս Բեքքերի հետ պինգ-պոնգ խաղալու կամ լեգենդար լուսանկարիչ Ժան-Բատիստ Մոնդինոյի մոտ դիմանկար անելու բացառիկ հնարավորություն կունենան:
First Fabulous Fund Fair-ի նպատակը Հատուկ զարգացմամբ երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի ծրագրերի համար միջոցներ հավաքելն է:















































