Աբխազիայի պետական համալսարանում ելույթով հանդես գալով դասախոսների և ուսանողների առաջ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում լռել, երբ քանդում են վրաց պետականությունը
«Ցանկանում եմ անդրադառնալ վերջին իրադարձություններին: Դուք գիտեք, որ բանտից ազատ է արձակվել Չախալյանը, ով շատ վտանգավոր է: Դրան հաջորդեցին տարբեր արձագանքներ: Մեզ վրա հարձակում տեղի ունեցավ, այսինքն, դե եթե նա իսկապես այդքան վտանգավոր պետական հանցագործ էր, ինչու նրան չդատապարտեցին անջատողականության մեղադրանքով: Ներողություն, բայց այս խորհրդարանը համաներման է արժանացրել ռազմական խռովություններ հրահրողների, ռուսաստանցի լրտեսների, և նրանք արդյո՞ք այդ ցուցակում չէին ընդգրկի անջատողականներին: Իհարկե՝ կընդգրկեին: Այդ ժամանակ հակառակը կանեին, նրան վերածելով քաղաքական հերոսի: Նրանք նաև ասում են՝ ինչո՞ւ եք կարծում, թե մարդուն բանտ նստեցնելով կարելի է ինչ-որ հարցի լուծում տալ: Ես կպատմեմ, թե վերջին տարիների ընթացքում Ջավախեթիի համար ինչեր ենք արել: Այստեղ մի քանի կարևոր բաներ ենք արել: Հաճախ են ասում, որ իմ պատճառով Չախալյանը հերոս է դարձել: Ցանկանում եմ ասել, որ առանց որևէ աղմուկի մենք այնտեղ կառուցել ենք վրացական պետություն և դրանով ոչ ոքի չենք անհանգստացրել: Այս շրջանում ճանապարհներ չկային, մենք կառուցեցինք: Եվ որպեսզի փակուղի չլինի, մենք կառուցեցինք Ջավախեթին Բաթումին կապող ճանապարհը»,- ասել է Սաակաշվիլին:









































