Վրաստանում Չախալյանն ազդեցիկ ֆիգուր է, այդ պատճառով նրա ազատ արձակումն ուղեկցվեց աղմուկով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Ռոնդելին՝ անդրադառնալով հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակման շուրջ Վրաստանում առաջացած հիստերիային:
«Ինձ համար դժվար է դատել՝ նա մեղավո՞ր էր, թե՞ ոչ: Վրաստանում անջատողականությանը շատ ցավագին են վերաբերվում աբխազական դեպքերից հետո, կարծում եմ՝ դա էր նրա ազատազրկման պատճառը, իսկ հիմա էլ մեծ աղմուկ բարձրացավ»,- նկատեց Ռոնդելին:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի վարչապետին և կառավարությանը մեղադրել է «վրացի հասարակության թշնամի», հայ ակտիվիստ Վահագն Չախալյանին ազատ արձակելու մեջ:
«Դա հակապետական քայլ էր. համաներման է ենթարկվել Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության գործակալ, որն աշխատում է Վրաստանի ամբողջականությունը փլուզելու համար»,- հայտարարել է Սաակաշվիլին հատուկ ուղերձում:
Նա ընդգծել է, որ Չախալյանը հայ գործարար չէ և Հայաստանում չի աշխատում: «Այստեղ խոսքը Չախալյանի էթնիկ ծագման մասին չէ, քանի որ մենք ունենք շատ հայեր, որոնք ազնվորեն ծառայում են մեր երկրին և պատրաստ են նահատակվել հանուն նրա:
Իվանիշվիլին պետք է հասկանա, որ հայ կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով իր կողմից ազատ արձակված հանցագործը հակապետական գործիչ է, և դա ոչ միայն մեծ սխալ է, այլև հանցանք մեր պետականության դեմ»,- ընդգծել է Սաակաշվիլին:
Վրաստանի նախագահի խոսքերով՝ Չախալյանն ավերել է վրացական եկեղեցին, Ախալքալաքի թանգարանը, և այդ գործողություններն ուղղված են Վրաստանի պետականության դեմ:
«Նա չի ընդունում Ջավախեթին որպես Վրաստանի մաս, նա անհատ է, որը համեմատելի է աբխազ անջատողականների առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի հետ: Իվանիշվիլին չի հասկանում, թե ում է ազատ արձակել»,- ընդգծել է նախագահը:
Իր հերթին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսում լրագրողներին ասել է, որ չի միջամտել Վահագն Չախալյանի ազատ արձակման հարցին:











































