Մարտի 26-ին Մոսկվայում հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանն ու նրա թոռը` կրտսեր Ջիվան Գասպարյանը, մեծ համերգ են ունեցել Սպիվակովի նվագախմբի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջիվան Գասպարյանը պատմեց, որ շատ մեծ և հաջողված համերգ է եղել, և նշեց, թե ինքն անգամ հուզվել է, երբ երիտասարդ ռուս աղջիկները համերգից հետո գրկել էին իրեն և ասել, որ նոր են հասկանում, թե ինչ է հայկական երաժշտությունը:
Գասպարյանը նշեց, որ համերգի առաջարկն իրեն արել էր Սպիվակովը իր երևանյան այցի ժամանակ: Նա նաև տեղեկացրեց, թե պայմանավորվածություն կա, որ այդ համերգը կկրկնեն նաև Երևանում, օրը դեռևս պարզ չէ, բայց ամենայն հավանականությամբ՝ աշնանը:
Իսկ մինչ այդ դուդուկահար պապն ու թոռը ապրիլի 29-ին համերգով հանես կգան Կրեմլի դահլիճում:
Ջիվան Գասպարյանը կրտսերն էլ ասաց, թե լավ երաժիշտների հետ նվագելիս ավելի է ոգևորվում:
Անդրադառնալով թոռան հաջողություններին՝ Ջիվան Գասպարյանն ասաց, որ Ջիվանը ոչ միայն իր թոռն է, այլ նաև իր աշակերտը, և եթե ինքը չգնահատեր թոռան վարպետությունը, թույլ չէր տա, որ դուդուկ վերցներ ձեռքը. «Ջիվանս այսօր ինձնից լավ է նվագում: Ամերիկայում նա հեղինակավոր խմբերի հետ էր նվագում, և ես նրան բերեցի Երևան, որ հայկական երաժշտության մեջ խորանա: Ես էն թազա հարուստներից չեմ, որ իմ էրեխուն զոռով երգացնեմ կամ նվագել տամ»:









































