Եգիպտոսի «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ եթե պետության ղեկավար Մուհամմեդ Մուրսին չիրականացնի իրենց կողմից առաջ քաշված պահանջները, իրենք արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման կոչով հանդես կգան:
Ընդդիմությունը երկրում տիրող ներկայիս իրավիճակի ողջ պատասխանատվությունը դրել է երկրի նախագահի վրա, քանի որ, ըստ նրանց, այդ վիճակը անպատասխանատու և ձախողված քաղաքականության արդյունք է: Ճակատը նշում է որ եգիպտական 3 նահանգներում արտակարգ դրության հայտարարումը վաղաժամ էր, և որ իշխանությունները երկրում կայունություն հաստատելու համար բոլոր հնարավորությունները չեն օգտագործել:
Ազգային փրկության կառավարություն ստեղծելուց և վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների հարցերով հատուկ հանձնաժողով ձևավորելուց բացի, ընդդիմությունը պահանջում է երկրի ներքին գործերի նախարարի հրաժարականը և նրան դատարանի առաջ կանգնեցնելը` համարելով, որ երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցող անկարգությունների համար նա է պատասխանատու: Ընդդիմությունը հանդես է գալիս նաև երկրի վարչապետի, տեղեկատվության նախարարի և գլխավոր դատախազի հրաժարականների պահանջով:
«Ազգային փրկության ճակատ»-ի ղեկավարության խորհրդակցությանը ներկա են եղել նաև երիտասարդական կազմակերպությունների և խմբավորումների ներկայացուցիչներ, ովքեր բողոքի ակցիայով դուրս էին եկել Եգիպտոսի փողոցներ:
Ճակատը հրաժարվել էր ներկա գտնվել երկուշաբթի կայացած ազգային երկխոսությանը, որն առաջարկվել էր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակից դուրս գալու եղանակներ փնտրելու նպատակով:











































