«Ընդդիմությունից որևիցե մեկի անունը չեմ տա: Մեր անունը տալիս են. ես դա համարում եմ խառնակչություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ շեշտելով, որ իր մրցակիցը Սերժ Սարգսյանն է:
Նա նշեց, որ հետևում է քարոզարշավին և գոհ չէ Սերժ Սարգսյանի ծրագրից, որն անեծքի պես մի բան է՝ «թող ձեր ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի»: Բագրատյանի բնորոշմամբ՝ նա ներկայացրել է ծրագիր՝ ի տարբերություն որոշ այլ թեկնածուների, բայց դրանում չկա մի խոստում, որը հինգ տարի հետո ժողովուրդը կարող է իրենից պահանջել:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք հրապարակվող տարբեր հարցումները, որոնցում Դուք երրորդ տեղում եք, Հ. Բագրատյանը պատասխանեց, որ կայքերում անցկացվող յոթ հարցումներից երեքում ինքը հաղթում է, առաջ է Սերժ Սարգսյանից: Սակայն Բագրատյանի գնահատականով՝ «Սոցիոմետր»-ի, «Գելափ»-ի և «Հայաստանի Եվրոպայի բարեկամների» հրապարակած հարցումները խայտառակություն են.
«Ես հիացած եմ նման կարգի սոցիոլոգներով, որ նման կարգի դեզինֆորմացիա են տարածում: Սա քրեական հանցագործություն է, և ամեն մի սոցհարցում պետք է ասի, թե ով է պատվիրատուն, հրապարակի իր բյուջեն: Չենք կարող արտասահմանից եկած մեկին թույլ տալ ուզածն անել»:
Բագրատյանը կեղծ հարցումներ հրապարակողներին ու իշխանություններին զգուշացրեց, որ ետ կանգնեն դրանցից, այլապես կփոշմանեն. «Երկրորդ տեղի հարցը լուծել են, հիմա երրորդ տեղի՞նն են լուծում: Հարց կա՝ թե ինչո՞ւ չեք քվեարկի Բագրատյանի օգտին. մի տեղ 3 տոկոս է, մի տեղ՝ 37»:
Բագրատյանը նաև իրավապահներին կոչ արեց քննել ու պարզել իրականությունը:
«Մենք ունենք մեր հարցումը, որով հաղթող ենք»,- հավելեց թեկնածուն:











































