Հունաստանը հրաժարվում է վարկի նոր տրանշներից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը Փարիզում բանակցություններից հետո մամլո ասուլիսի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Nerit հանրային հեռուստատեսությունը։
«Մեզ հարկավոր չէ վարկի նոր տրանշ»,- ասել է Վարուֆակիսը։
Կապված բարեփոխումների ծրագրի գնահատման անավարտության հետ՝ Հունաստանը չի ստացել 7.2 մլրդ եվրո ընդհանուր արժեքով վերջին տրանշները։ Ավելի վաղ Վարուֆակիսն ասել էր, որ նոր տրանշները միայն կմեծացնեն Հունաստանի պետպարտքը, ոչ թե կլուծեն խնդիրները։
Նախարարը կրկին հայտարարել է, որ Հունաստանը պատրաստ է բանակցություններ վարել Եվրախմբի, ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի հետ, սակայն ոչ նրանց ներկայացուցիչների հետ, այսպես կոչված, «եռյակի» ձևաչափում։
Վարուֆակիսն ասել է, որ նոր կառավարության նպատակը Եվրոպայի հետ նոր համաձայնության հասնելն է։ «Պարտքի վճարումը պետք է կապված լինի ՀՆԱ աճի հետ»,- կարծում է նա։ «Նպատակն է փոխել նաև Եվրոպան, ոչ միայն Հունաստանը»,- ասել է նախարարը։












































