Ադրբեջանը գտնվում է գարնան շեմին` բառի ուղղակի և փոխաբերական իմաստով: Իրականում երկրում հաստատվել է անոմալ նախագարնանային եղանակ: Ակնհայտ է նաև այն, որ երկրում տիրում է նաև անոմալ քաղաքական գարուն, գրում է Contac.az-ը:
Բարձր քաղաքական ջերաստիճանին, որի կուլմինացիան հունվարի 23-24-ին Իսմայիլի բնակչության զանգվածային ելույթն էր, նախորդել են երիտասարդության և հարյուրավոր փոքր ձեռնարկատերերի բողոքի օրեր: Երկու շաբաթվա ընթացքում երկրի տարբեր վայրերում և տարբեր պատճառներով տեղի է ունեցել բողոքի երեք ցույց: Ընտրովի սոցիալական հարցումը ցույց է տալիս, որ Ադրբեջանի հասարակության շրջանում աճում է հեղափոխական էներգիան:
Հատուկ ուշադրության է արժանի Իսմայիլ քաղաքի շարքային քաղաքացիների բողոքի ցույցը: Ի տարբերություն երիտասարդների և «Բինա» առևտրի տան աշխատակիցների կազմակերպած ցույցի, հասարակ բնակչի բողոքն ավելի հստակ է փոխանցում հասարակական տրամադրվածությունը:
Երկրի պաշտոնական անձինք կանխամտածված շրջանցում են խորը խնդիրների թեման, որոնք բնակչությանը դրդել են զանգվածային բողոքի:
2012թ. մայիսին Իսմայիլ քաղաքի մի խումբ բնակիչներ ժամանում են Բաքու` նախագահի հետ հանդիպելու և վերջինիս շրջանի խնդիրների հետ ծանոթացնելու համար: Սակայն նախագահը չի ընդունում նրանց: Քաղաքի բնակիչները ցանկանում էին նրան փոխանցել, որ շրջանում տիրում է իշխանությունների գործադիր ղեկավարների, դատախազության, ոստիկանության բարձիթողի վիճակ: Իշխանությունները միջամտում են համայնքի գործերին և խանգարում նրանց ապրել այնպես, ինչպես նրանք են ցանկանում: Բարձրաստիճան պաշտոնյաները խոչընդոտում են գյուղատնտեսական արտադրության զարգացմանը: Շրջանում տիրում է կաշառակերություն, գործազրկություն, աղքատություն:
Գաղտնիք չէ, որ նման իրավիճակ է տիրում նաև Ադրբեջանի ցանկացած շրջանում:
Երկրի իշխանությունները դեռևս չեն ցանկանում ընդունել խնդիրների առկայությունը, որոնք առաջ են քաշում գյուղատնտեսական շրջանները: Վերջերս նախագահ Իլհամ Ալիևը կառավարության առջև տոնական ելույթի ժամանակ խոսել է շրջանային զարգացման պետական ծրագրի հաջողությունների մասին: Նախագահը չի ցանկացել նկատել, որ այդ ծրագրերը վերածվել են կաշառակերության օջախների, որոնք որևէ ընդհանուր բան չունեն բնակչության բարեկեցությունը բարձրացնելու ընդհանուր նպատակի հետ:
Իլհամ Ալիևի իշխանության գալուց ի վեր Ադրբեջանը դեռևս չէին ցնցել բողոքի նման զանգվածային ակցիաներ: Հասարակության վրա աճող ճնշումը` խոսքի, քաղաքական, տնտեսական ազատության սահմանափակման, ոստիկանական վերահսկողության միջոցով, իշխանություններին համոզել է, որ հասարակության կառավարման ճիշտ ձևը ճնշումներ գործադրելու մեխանիզմն է: Նույնիսկ ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների զգուշացումներն արդյունքներ չեն տվել:
Այն բանից հետո, երբ Իսմայիլում հաստատվեց համեմատաբար խաղաղ վիճակ, քաղաք են ժամանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորներ և հասարակական գործիչներ` տեղի համայնքի հետ երկխոսելու համար, ինչը կարելի է կոչել նոր տարր իշխանությունների հետճգնաժամային քայլերում: Իշխանությունները նման նորարարություն են ցուցաբերել նաև ընդդիմության հանդեպ, երբ 11 կուսակցությունների հնարավորություն ընձեռվեց հունվարի 25-ին Mariott հյուրանոցում անցկացնել իրենց առաջին նախընտրական ժողովը:
Ինչպես ակնկալվում էր, ընդդիմությունը կոշտ և որոշ չափով հեղափոխական արձագանք է տալիս Իսմայիլի դեպքերին: Ընդդիմությունը փորձում է ըմբռնել հասարակական տրամադրվածության փոփոխությունները` վերջնական նպատակը սահմանելու համար (իշխանափոխություն հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին):
Ակնկալվում է, որ մինչ նախագահական ընտրություններ բողոքական տամադրվածությունն ավելի կմեծանա:
Իր վերջին գործողություններով (բողոքող իսմայիլցիների հետ երկխոսություն, ընդդիմության հետ շփման համար քաղաքակիրթ պայմանների տրամադրում, ԵԽԽՎ-ում երկրի ժողովրդավարացման մասին բանաձևի աջակցում) իշխանությունները իրադարձությունների հեղափոխական սցենարից խուսափելու թույլ հույս են ներշնչում: Նման սցենար չի ցանկացել նաև, այսպես կոչված, համակարգից դուրս գտնվող ընդդիմությունը Իսմայիլի իրադարձությունների վերաբերյալ ժողովի ժամանակ:
Հետևաբար, նման մոտեցումը կարող է պայմաններ ստեղծել` հոկտեմբերին կայանալիք համընդհանուր քվեարկության խաղաղ լուծման համար:









































