Բրիտանական հեղինակավոր Costa գրական մրցանակը ստացել է Հելեն Մաքդոնալդը: Տարվա լավագույն գիրք է ճանաչվել նրա H is for Hawk (H-ն բազե բառի սկզբնատառն է) վեպը։ Դափնեկրի անունը երեքշաբթի երեկոյան հայտարարել է ժյուրին՝ գրող Ռոբերտ Հարիսի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Վեպն ինքնակենսագրական պատմություն է այն մասին, թե ինչպես է կինը սկսում վարժեցնել գիշատիչ թռչնին՝ հաղթահարելու ընկճախտն ու տրտմությունը, որը պատել էին նրան հոր մահից հետո։
Մաքդոնալդը հայտարարել է՝ չէր սպասում, որ իր գիրքը ժյուրիի կողմից լավագույնը կճանաչվի։ Նրա խոսքով՝ ինքը չէր սպասում նաև, որ գիրք գրելը կօգնի իրեն թեթևություն զգալ և կյանք վերադառնալ։
Մաքդոնալդին է հանձնվել նաև մրցանակի դրամական համարժեքը՝ 35 հազար ֆունտ (53 հազար դոլար)։
Անցած տարի գիրքը Մեծ Բրիտանիայում արժանացել էր մեկ այլ հեղինակավոր՝ Սեմյուել Ջոնսոնի անվան մրցանակին՝ որպես վավերագրական գրականության լավագույն ստեղծագործություն։












































