Հանրահայտ մարդկանց մասին կեղծ ինտերնետ հաղորդագրությունների հայտնի հեղինակ, իտալացի Թոմասո դե Բենեդետին ստանձնել է Վենսուելայի նախագահ Ուգո Չավեսի կեղծ լուսանկարի ստեղծման պատասխանատվությունը: Լուսանկարը, որում Չավեսն իբրև թե վիրահատական սեղանի վրա է, հինգշաբթի հրապարակել է El Pais իսպանական պարբերականը:
Մեքսիկական Notimex գործակալության հետ հարցազրույցում դե Բենեդետին հայտարարել էր, որ հենց ինքն է վերցրել կադրը YouTube-ում 2008-ին հայտնված 48-ամյա հիվանդի վիրահատության տեսանյութից և ձևափոխումներից հետո այն ուղարկել Կոստա-Ռիկայի, Վենեսուելայի և Կուբայի երեք լրատվական գործակալությունների: Նա հայտնել է, որ չէր կարող պատկերացնել, որ նման տարօրինակ հանգամանքներում նկարը կարող էր հայտնվել այնպիսի կարևոր թերթում, ինչպիսին El Pais-ն է:
Գրականության ուսուցիչն ու լրագրողը ցանկացել է իմանալ, թե որքան մանրակրկիտ են ԶԼՄ-ները ստուգում տպագրության պատրաստվող լուսանկարները:
El Pais-ն իր հերթին հայտնել է, որ լուսանկարը 30 հազար եվրոյով գնել է Gtres Online գործակալությունից: Հատկանշական է, որ 2010 թվականին El Pais-ն հարցազրույց էր վերցրել դե Բենեդետիից, որի ժամանակ նա պատմել էր իր արտասովոր հոբբիի մասին:









































