Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը որոշել է հրաժարվել միլիոնատերերի եկամուտների 75 տոկոսը հարկելու մտքից: Այս մասին, հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին, հաղորդում է The Local-ը:
Ֆրանսիայի կառավարությունը նախագահական ընտրություններից հետո որոշել էր 75 տոկոսանոց հարկ սահմանել բոլոր քաղաքացիների համար, ում եկամուտը տարեկան գերազանցում է 1 մլն եվրոն: Դա հարուցել էր բազմաթիվ հարուստ ֆրանսիացիների, այդ թվում՝ դերասան Ժերար Դեպարդյեի դժգոհությունը։ Վերջիններս հայտարարել էին իրենց քաղաքացիությունը փոխելու մտադրության մասին:
Դեկտմբերին Ֆրանսիայի սահմանադրական դատարանը վճռել էր, որ հարկն անօրինական է, քանի որ կիրառվում է անձերի հանդեպ, այլ ոչ թե՝ տնային տնտեսությունների: Դա հակասում է ֆրանսիական օրենսդրությանը:
Ավելի ուշ Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հայտարարել էր, որ հարկի չափը կվերանայվի, ապա օրենքը դարձյալ կուղարկվի երկրի խորհրդարան: Սակայն հիմա պարզվել է, որ կառավարությունը փոխել է մտադրությունը: