2012-ին Թուրքիայում ածխաջրածնի որոնման նպատակով անցկացված հորատման աշխատանքների շրջանակում 17 հորատանցքերում նավթ և գազ է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը՝ փոխանցում է Haber 7 հեռուստաալիքը:
Նախարարի խոսքով՝ ածխաջրածինների որոնման համար 57 հորատանցք է բացվել, որոնցից 11-ում` նավթ, իսկ 6-ում բնական գազ է հայտնաբերվել: Նախարարը հավելել է, որ Թուրքիայում հետագայում դարձյալ կշարունակվեն ածխաջրածինների որոնման աշխատանքները:
Յըլդըզը նշել է, որ 2013 թվականին նախարարությունը որոնողական աշխատանքներ կիրականացնի Հաքարի և Շըրնակ մարզերում, ինչպես նաև Սև ծովում:
Թուրքիան նավթահանքերի որոնման ակտիվ աշխատանքներ է իրականացնում՝ ուղղված արտասահմանից նավթամթերքի ներկրումից կախվածության նվազեցմանը: Սինոփա շրջանում 2012-ին անցկացված հետազոտական աշխատանքները, որոնց հետ մեծ հույսեր են կապվել, արդյունք չեն տվել: