Մուսուլմանների զգացմունքները վիրավորելը խոսքի ազատություն չէ՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Ելույթ ունենալով Թեհրանում՝ Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի անդամների առջև, Ռուհանին խոր ափսոսանք է հայտնել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման առնչությամբ՝ ընդգծելով, որ դա աղետ է, երբ նման գործողություններն անվանվում են խոսքի ազատություն:
«Այլոց վիրավորելն ու ազատության հասկացության ներքո իրենց զգացմունքներն արտահայտելը միայն ծայրահեղականություն է բռնկում և չի նպաստում իսլամական ու մնացած աշխարհի միջև առողջ հարաբերություններին»,- նախագահի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը:
Միևնույն ժամանակ նա դատապարտել է բռնության և ահաբեկչության կիրառումը կրոնի պաշտպանության համար: Նրա խոսքով՝ իրականացված ահաբեկչական հարձակումները կապ չունեն իսլամական սկզբունքների հետ:
Ռուհանին հավելել է, որ Իրանը դատապարտում է հարձակումը, որն իրականացրել են ահաբեկիչները խմբագրատան վրա: «Իրանն ահաբեկչության դեմ պայքարում է իր երկրում և՛ խոսքով, և՛ գործողություններով, ինչպես նաև օգնում այլ պետություններին այդ չարիքի դեմ պայքարում»,- ասել է Ռուհանին:












































