Թուրքական Ihlas լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացվելու է նախորդ տարվա համեմատ առավել լայնամասշտաբ՝ «Այս ցավը մեր բոլորինն է» ակցիան: Ակնկալվում է, որ այս տարի այդ ակցիային կմասնակցեն ավելի շատ մարդիկ:
Ընդհանուր առմամբ, պլանավորված է Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ անցկացնել Թուրքիայի 5 շրջաններում: Դա, մասնավորապես, վերաբերում է բնակչության թվաքանակով Թուրքիայի մյուս խոշոր քաղաքներին` Անկարային ու Իզմիրին, ինչպես նաև քրդաբնակ Դիարբեքիրին:
Նշվում է, որ ոգեկոչման արարողություններին աջակցելու է «Մազլումդերը» (Մարդու իրավունքների և ճնշվածների փոխօգնության միություն):
Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրիլի 24-ի առաջին ոգեկոչումը կատարվել է 1919 թվականի ապրիլին Ստամբուլում: Հայոց ցեղասպանության 4-րդ տարելիցի կապակցությամբ, հրատարակիչ ու գրող Թեոդիկը 1915 թվականին զոհված հայ գրողների, լրագրողների, հոգևորականների, գիտնականների, ուսուցիչների, իրավաբանների, այլ մտավորականների և համայնքի ղեկավարների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար կազմեց «Ապրիլի 11-ի հուշարձանը» ժողովածուն:








































