«Եթե Անդրիաս Ղուկասյանը երկար շարունակի, ես կմիանամ իրեն և կհորդորեմ, որ միասին էլ ավարտենք հացադուլը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով` եթե Ղուկասյանը ժամանակին փոքր-ինչ ավելի կիրթ խոսեր, հնարավոր է նաև` համագործակցեին. «Ասեմ՝ հացադուլը օրգանիզմին շատ օգտակար է, բոլորին էլ խորհուրդ կտամ, բայց միայն բժշկի հսկողության պայմաններում»:
Անդրադառնալով մեկ այլ թեկնածուի` էպոսագետ Վարդան Սեդրակյանի հայտարարությանը, թե` Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանն ուղղորդվում են Սերժ Սարգսյանի կողմից, Պ. Հայրիկյանը նկատեց. «Վարդան Սեդրակյանին ասեք` թող ժամանակակից պատմություն էլ կարդա՝ դա միայն օգուտ կլինի իրեն»:
Ի դեպ, ԱԻՄ առաջնորդը կշնորհավորի Սերժ Սարգսյանին, եթե վերջինս վերընտրվի արդար ընտրությունների միջոցով. «Ցանկացած բարոյական մարդ էլ կշնորհավորի»:







































