ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» Օլեգ Միխայելյանին, որը հայտնի էր Օլեգ Աշխաբադսկի մականունով: Վերջինս Մոսկվա էր ժամանել՝ մասնակցելու Դեդ Հասանի՝ Ասլան Ուսոյանի թաղման արարողությանը, ով սպանվել էր հունվարի 16-ին:
Ինչպես «Ռոսբալտ»-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը, Օլեգ Միխայելյանը ձերբակալվել է Մոսկվայում միգրացիոն օրենսդրությունը խախտելու մեղադրանքով: Ներկայում նա գտնվում է անօրինական ներգաղթյալների համար նախատեսված հատուկ ընդունարանում:
Օլեգ Միխայելյանը բազմիցս դատապարտված է եղել, վերջին անգամ՝ 2007-ին: Այդ ժամանակ նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` թմրանյութ ձեռք բերելու ու պահելու մեղադրանքով:
Նա իր պատժաժամկետը կրել է Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում` այնտեղ, որտեղ 2012թ.-ին տեղի էր ունեցել բանտարկյալների ապստամբություն:
Իրավապահ մարմինները վստահեցրել են, որ հենց նա է եղել անհնազանդություններ հրահրողը:
Նա ազատության մեջ է հայտնվել 2013թ. հունվարի սկզբին: