
Մի քանի օր ևս և տոնական օրերը հետևում կմնան, և մինչ աշխատանքային առօրյային լիարժեք անցնելը արժե աշխատանքային կամ առօրյա հայացք գցել անցած տոներին:
Երևանում նկատվող նախատոնական աժիոտաժը երևի թե շատերի մոտ է հարց առաջացրել սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի վերաբերյալ: Եթե իրավիճակը ծանր է, ու նման աժիոտաժ է, ապա ինչ կարելի է սպասել ոչ ծանր իրավիճակներում՝ երևի թե հարցնում էին իրենք իրենց շատերը` զարմանալով, որ փող չունեցող ժողովուրդը նման եռուզեռի մեջ է:
Մյուս կողմից, սակայն, այդ հարցը հանդիսանում է մեզանում ձևավորված մեկ այլ արատավոր երևույթի դրսևորում. մեր հայացքները նեղացել են, և մենք տեսնում ենք միայն այն, ինչ մեր աչքի առաջ է, և ինչ ընդամենը երևում է մեր աչքին: Մենք չենք փնտրում ավելին, չենք փորձում տեսնել ավելին: Մենք մեր տեսադաշտը սահմանափակել ենք Երևանի կենտրոնով և այդ սահմաններում ենք տեղավորել Հայաստանն ու մեզ: Մինչդեռ Հայաստանը Երևանի կենտրոնի շուկաները, տոնավաճառներն ու սուպերմարկետները չեն:
Հայաստանը նաև Երևանի ծայրամասերն են, և առավել ևս շրջաններն ու գյուղերն են, որտեղ ամենևին նախատոնական աժիոտաժ ու եռուզեռ չէր, որտեղ իրավիճակը բոլորովին այլ էր, բոլորովին այլ էր մթնոլորտն ու հոգեբանությունը: Եվ ուրեմն, մենք պետք է ընդլայնենք մեր հայացքը, մեր տեսադաշտը, մեծացնենք տեսնելու մեր ցանկությունը, և տեսնենք ավելին, քան այն, ինչ հայտնվում է մեր աչքի առջև: Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն նախատոնական կենցաղին, այլև ընդհանրապես մեր աշխատանքային, առօրյա կյանքին:
Թերևս, տոնական երկար դադարից հետո Նոր տարում արժե նաև այդ հետևությամբ սկսել աշխատանքային շաբաթը, տարի, որը հասարակության և պետության համար, անկասկած, լի է լինելու մարտահրավերներով, լուծում պահանջող հրատապ խնդիրներով: Դրանք հաղթահարելու համար մենք պետք է կարողանանք տեսնել ավելին, քան երևում է, կամ քան մեզ ցույց են տալիս: Պետք է կարողանանք տեսնել այն, ինչ կա, ինչ մեզ պետք է, ինչ մեզանից փորձում են թաքցնել:
Ծանր իրողությունների դեղատոմսը գտնելն անհնար չէ, Հայաստանի առջև չկան այնպիսի ներքին ու արտաքին մարտահրավերներ, որոնք ի զորու չենք հաղթահարել, որոնք հաղթահարելու պոտենցիալ Հայաստանի հասարակությունը չունի: Դրա համար պարզապես անհրաժեշտ է, որ մենք չնեղացնենք մեր տեսադաշտը, մեր հայացքը ու փորձենք տեսնել ամբողջ Հայաստանը, իրողությունները, իրականությունը տեսնենք ամբողջությամբ, որպեսզի կարողանանք հնարավորինս ճշգրիտ գնահատել իրավիճակը, մարտահրավերները, տեսնել դրանց խորքը և բանաձևել ու ձևակերպել լուծումները: