«Եվրատեսիլ 2011» երգի մրցույթին Մոլդովան ներկայացնող Zdobi si Zdub ռոք խումբը Հայաստանում է: Այս այցը առաջինն է խմբի պրոմոարշավի շրջանակներում:
Այսօր մոլդովական խմբին հյուրընկալեց Orange ընկերությունը. այն արդեն երկրորդ տարին է` «Եվրատեսիլի» գլխավոր գործընկերն է Հայաստանում, և չորրորդ տարին` Մոլդովայում:
«Եվրատեսիլ-2011»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով, մոլդովական խմբի այցը Հայաստան նախաձեռնել են հենց իրենք, իսկ հայկական պատվիրակությունը հաճույքով ընդունել է հյուրերին:
«Մեր նեկայացուցիչ էմմին ևս օրերս կայցելի Մոլդովա` ներկայացնելու իր երգն այդ երկրում»,-տեղեկացնում է Գոհար Գասպարյանը:
Կարծիք հայտնելով «Եվրատեսիլում» իրենց մրցակից Հայաստանը ներկայացնող Էմմիի երգի մասին` Zdobi si Zdub խմբի անդամներն ասում են. «Մեզ շատ դուր է գալիս Էմմիի երգը, և մենք նրան հաջողություն ենք մաղթում, սակայն «Եվրատեսիլում» կանխատեսումներ անել չի կարելի, պետք է լավ պատրաստվել ու հաճույք ստանալ համերգից: Հաղթելու շանսեր ունեն բոլորը»: