Մարդու լավագույն ընկեր շունն իրականում շատ ավելի խելացի է, քան մենք ենթադրում ենք: Ներկայումս հենց այս տեսանկյունն են պնդում գիտնականները, հայտնում է rosbalt.ru-ն:
Միջին վիճակագրական տվյալներով՝ շունը, վստահ է ամերիկացի հոգեբան Սթենլի Քորենը, գիտի մոտ 165 բառ, կարողանում հաշվել մինչև 5-ը և նկատում է պարզ թվաբանական հաշվարկների սխալները:
«Մարդու չորքոտանի բարեկամների ուղեղի ունակությունները 2-2.5 տարեկան երեխայի ուղեղի մակարդակի են»,- համարում է Քորենը:
Նույն կարծիքին է նաև Հունգարիայի գիտությունների ակադեմիայի հետազոտողների խումբը, փոխանցում է Inopressa-ն:
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ շներն ու երեխաները նույն կերպ են արձագանքում այնպիսի արտաքին ազդանշանների, ինչպիսիք են՝ տեսողական կապն ու ուղղակի դիմելը: Երեխաների նման շները գիտելիքներ են հավաքում տարբեր գործողությունների նայելով և կրկնօրինակելով: Կրկնօրինակումն ընտրողական բնույթ ունի, այսինքն՝ կրկնվում են միայն այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են:
Վիեննայի համալսարանի գիտնականներին հաջողվել է շների մոտ արդարության զգացում հայտնաբերել: Փորձի ժամանակ միմյանց տեսադաշտում գտնվող երկու շուն նույն հրամանների կատարման համար քաղցրավենիք են ստացել:
Փորձի ամբողջ ընթացքում կենդանիներն իրենց նույն կերպ են պահել՝ անկախ այն բանից՝ մարդն իրենց քաղցրավենքի տվել է, թե ոչ: Բայց հենց մի շան աչքի առաջ քիչ են տվել մյուս շանը, հաջորդ անգամ «նեղացածը» հրաժարվել է կատարել հրամանը:
Բայց կան ոլորտներ, որտեղ շներն այդքան հաջողակ չեն, ինչքան, օրինակ, կապիկները: Այսպես, գերմանացի գիտնականները շան ներկայությամբ երկու անոթներից մեկի մեջ ուտելիք են դրել: Հետո անոթները տեղափոխել են:
Այն դեպքում, երբ նույն փորձի մասնակից կապիկները, թվում է, իմացել են, թե որ անոթի մեջ է մրցանակը, շները վատ են կողմնորոշվել: Նրանց տաղանդները սոցիալական ինտելեկտի ոլորտում են, եզրափակում են մասնագետները:










































