ԱՄՆ-ում հինգշաբթի օրը սահմանափակ կինովարձույթի է դուրս եկել ռեժիսորներ Սեթ Ռոգենի և Էվան Գոլդբերգի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին սկանդալային «Հարցազրույց» ֆիլմը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Լոս Անջելեսի Cinefamily թատրոնում ցուցադրության ժամանակ Ռոգենը հանդիսատեսին շնորհակալություն է հայտնել պրեմիերաներին ներկա լինելու համար: «Մենք արդեն մտածում էինք, որ դա երբեք չի լինի»,- ասել է նա:
Cinefamily-ում TASS-ին հայտնել են, որ ֆիլմի պրեմիերայի տոմսերը բավական արագ են իրացվել:
Դեկտեմբերի 25-ին ֆիլմը սկսել են ցուցադրել երկրի մոտ 300 կինոթատրոններում:
Միևնույն ժամանակ ամերիկացի շատ քննադատներ «Հարցազրույց» ֆիլմին բացասական գնահատական են տվել՝ նշելով, որ ֆիլմի հումորը պարզունակ է, սյուժեն՝ անբնական: ԶԼՄ-ները նշում են, որ եթե ֆիլմի շուրջ միջազգային սկանդալ չծագեր, այն հազիվ թե մեծ հետաքրքրություն առաջացներ հանդիսատեսի շրջանում:
Նրանք, ովքեր դիտել են ֆիլմը, նշում են, որ կատակերգությունը գերհագեցած է սև հումորով, շատ են արյունոտ տեսարանները:
Կատակերգության շուրջ սկանդալը ծագեց այն ժամանակ, երբ նոյեմբերի վերջին ցանցահենները կիբերհարձակում գործեցին Sony Pictures Entertainment-ի վրա և հայտարարեցին, որ «Հարցազրույցի» ցուցադրության ժամանակ կարող են ահաբեկչություններ կազմակերպվել: Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ այդ ուղերձների հետևում կանգնած է Հյուսիսային Կորեան: Փխենյանը հերքում է հարձակման հետ կապը:












































