Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները լրջորեն բարդացել են, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Նշենք, որ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ իրականացնում են Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը: Այն պետք է շահագործման հանձնվի մոտ ապագայում: «Վրացական երազանք»-ի՝ իշխանության գալուց հետո հարցեր առաջացան՝ կապված Վրաստանի համար այդ նախագծի արդյունավետության հետ, չնայած հետո նշվեց, որ նախագծի իրականացմանը ոչինչ չի սպառնում:
«Դուք գիտեք, որ այժմ, ցավոք սրտի, մենք շատ բարդ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ: Դա ակներև է շատ բաներում. թուրքական շատ ներդրումներ դադարեցվել են»,- ասել է Սաակաշվիլին մամուլի ասուլիսում:
Նախագահի խոսքերով՝ Թուրքիան Վրաստանի գլխավոր համախոհն է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում և Թուրքիայի հետ բարդ հարաբերություններ ստեղծելով՝ Վրաստանը կորցնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու պատմական հնարավորությունը:
Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանի ռազմավարական կարևոր դաշնակից է նաև Ադրբեջանը, այդ պատճառով անթույլատրելի է հարցեր առաջ քաշել՝ առանց հարևանների հետ լուրջ խորհրդակցությունների:










































