ՆԱՏՕ-ի երկրներին և բլոկի համապատասխան կառույցներին վրացական կողմը անհերքելի ապացույցներ է փոխանցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա մոտ շրջապատի կողմից իրականացված զենքի առևտրի մասին: Խոսքն այն զենքի մասին է, որը երկիրը ստացել է Հյուսիսատլանտյան դաշինքից: Այս մասին հայտնում է «Խրոնիկա Նեդելի» թբիլիսյան թերթը:
Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ այդ մասին ասվել է Թբիլիսիում վրացական էմիգրացիայի ներկայացուցիչների հետ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման ժամանակ:
Այդ զենքը, ինչպես ենթադրվում է, վաճառվել է ահաբեկչական կազմակերպություններին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իվանիշվիլին հայտնել է, որ գործում ներգրավված են եղել Սաակաշվիլիի իշխանության ավելի քան 10 ներկայացուցիչներ:
Պարբերականը նշում է, որ դա կարող է ավարտվել միջազգային լուրջ սկանդալով, քանի որ այդ սխեմային մասնակցել են տարբեր երկրների լուրջ քաղաքական գործիչներ:








































