Նման իրավիճակ է ոչ միայն ձվի շուկայում, այլ հացի, շաքարավազի և մնացած շատ ու շատ ասպարեզներում։
Անդրադառնալով ձվի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի դեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից հարուցված վարույթին՝ Սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահ Արմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեև շատ են քննադատել հանձնաժողովի գործունեությունը, բայց այս անգամ ողջունում են, որովհետև այն պատժամիջոցը, որը կիրառվեց ձու արտադրող ձեռնարկությունների համար, շատ ազդեցիկ քայլ էր։ «Մեր գլխավոր խնդիրը այն է, որ դրանով սաստվեն և այլևս չհամարձակվեն մեզ նման նյարդային վիճակի մեջ դնել, ինչպես նախատոնական, այնպես էլ մյուս օրերին։
Մենք պարզապես հապաղում ենք, որովհետև նման իրավիճակ առկա է ոչ միայն ձվի շուկայում, այլ հացի, շաքարավազի և մնացած շատ ու շատ ասպարեզներում։ Հետևաբար, արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում, եթե այս սաստիչ քայլերը տարածվեն բոլորի վրա»,- ավելացրեց Արմեն Պողոսյանը։
Հիշեցնենք՝ 2010 թ. դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետևանքով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն էր սկսել, որի ընթացքում, ի թիվս այլ միջոցառումների, նաև ստուգումներ է իրականացրել տվյալ շուկայում աշխատող ընկերություններում:
Ամփոփելով կատարված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքները` հանձնաժողովը որոշում է կայացրել շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար վարչական վարույթ հարուցել «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ և տուգանել 100 մլն դրամի չափով։









































