Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ նորվեգացի Կարին Վոլդսեթի գլխավորությամբ, այս օրերին Հայաստանում է՝ նախընտրական փուլի դիտարկման նպատակով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարին Վոլդսեթը նշեց, որ պատվիրակության համար կարևորագույն խնդիրն ընտրացուցակներում դեռևս պահպանվող անճշտությունն է, իսկ ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է: Արտերկրում բնակվող հայերի ընտրելու իրավունքի հարցում դեռևս առկա է անճշտություն: Նա նաև նշեց, որ պատվիրակությունը հիասթափությամբ նկատեց, որ այդ հարցերը հրատապորեն լուծելու մասին նախկինում արված առաջարկություններն ի կատար չեն ածվել:
Պատվիրակության անդամները նաև նկատել են, որ ընտրություններից մեկ ամիս առաջ հանրությունը չունի ո՛չ բավարար հետաքրքրվածություն, և ո՛չ էլ վստահություն ընտրությունների նկատմամբ, ինչն էլ մտահոգության առիթ է հանդիսանում: Հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից ակնկալվում էր թեկնածուների առաջադրում, որոշեցին չառաջադրել, ինչի հետևանքով փոքրացել է ընտրության հնարավորությունը, որի հետևանքով անտարբերություն և հավատի պակաս կա ընտրությունների նկատմամբ:
Պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ պետք է վերականգնել քաղաքացիների վստահությունը, քանի որ ընտրությունները ժողովրդավարական զագացման համար առանցքային նշանակություն ունեն: Նա հույս հայտնեց, որ բոլոր թեկնածուների համար կստեղծվի հավասար խաղադաշտ:
22 անդամից բաղկացած ԵԽԽՎ պատվիրակությունը Երևան կժամանի փետրվարի կեսերին՝ ընտրությունների դիտարկման նպատակով:
Պատվիրակության անդամները նաև նշեցին, որ կուսակցությունները, որոնք չեն մասնակցում ընտրություններին, ինչն իրենց իրավունքն է, ընտրողներին բոյկոտի կոչ չեն անում (ինչը շատ կարևոր է), որովհետև ընտրությանը մասնակցելը ժողովրդավարության կարևորագույն արժանիքներից է:
Անդրադառնալով մինչ այս տեղի ունեցող «ընտրակաշառքի» երևույթին, Վոլդսեթը նշեց. «Իհարկե, մենք դեմ ենք ընտրակաշառքներին: Եկեք պարզապես հուսանք, որ նման բաներ այլևս չեն կրկնվի»։











































